Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ավագ, «Միլանի» խաղացող Կախա Քալաձեն Թբիլիսիի Պայչաձեի անվան ստադիոնում մամուլի ասուլիս է հրավիրել եւ երկրի իշխանություններին խնդրել է ազատ արձակել Գեորգի Դեմետրաձեին: «Սպորտ Էքսպրեսի» փոխանցմամբ` «Ալանիայի» կազմում 1999թ. Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու դարձած Դեմետրաձեն այժմ հանդես է գալիս Թբիլիսիի Սպարտակում:  33-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում էր տեղափոխվել արտասահմանյան ակումբներից մեկը, սակայն օրեր առաջ նա ձերբակալվել է հանցավոր խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով եւ նախնական ազատազրկման մեջ կմնա երկու ամիս:

Կախա Քալաձեն հատուկ ժամանել է Թբիլիսի ընկերոջն աջակցելու համար: Նա հայտարարել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի: Ուկրաինական մամուլի տեղեկություններով, Դեմետրաձեն, աշխարհի առաջնության օրերին խաղադրույքներ կատարելով, շահել է 140 հազար ամերիկյան դոլար, սակայն բուքմեյքերը հրաժարվել է վճարել գումարը: Դեմետրաձեն դիմել է Ուկրաինայում բնակվող քրեական հեղիանակություն Վաթո Ղիփիանիին, որն էլ ստացել է գումարը: Դրա մի մասը գնացել է քրեական խմբավորումներին: