Կառավարությունը նախապատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը հերթական փոփոխությունը կկրի։ Գործող օրենսդրությամբ իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի համալրմանն ուղղվող միջոցները հարկվում են ավելացված արժեքի հարկով։ Կառավարության առաջարկությունը մասնակի բնույթ ունի՝ այն նախատեսում է արտոնություն տրամադրել բացառապես ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց։ Իսկ թե ինչո՞ւ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը չպետք է օգտվեն նման արտոնությունից՝ այնքան էլ հասկանալի չէ։
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ գործող կարգը լուրջ խոչընդոտ է ֆիզիկական անձանց կողմից ներդրումներ կատարելու համար, բայց այն ավելի լուրջ խոչընդոտ է իրավաբանական անձանց համար։ Նման անհեթեթ իրավական նորմերի առկայության պարագայում տարօրինակ չէ, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ չի դառնում։




























