Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին «Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հինգ տարվա ընթացքում վերադարձնելու մասին»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման հնարավորության մասին՝ ադրբեջանցի նախարարը նկատել է, թե ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում որոշում էր կայացվել, որ խաղաղարարները չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ տարածաշրջանի որեւէ պետությունից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, հուլիսի 9-ին Մամեդյարովը հայտարարել է, թե իբր Ալմաթայում հուլիսի 16-17-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկելու են հենց այդ երկու շրջանների հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դեռ 2009թ. հուլիսին էր հայտարարել, թե խաղաղ համաձայնագրի կնքումից հետո «5 շրջանները՝ Ֆիզուլին, Աղդամը, Ջեբրաիլը, Հորադիզը եւ Ղուբաթլին վերադարձվելու են անմիջապես, իսկ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները՝ հինգ տարվա ընթացքում»: Մնում է, որ Ադրբեջանը համաձայնվի ԼՂՀ անկախ կարգավիճակին։ Իսկ նա դրան, ըստ ամենայնի, չի գնա՝ Բրայզայի ասածները թողնելով որպես «բարի մաղթանք»...




























