Ռուսաստանի Պետդումայում հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել 2016 թվականից եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ ներդնելու հարցը: Այն ռուսաստանցիները, որոնք տարեկան 5 մլն ռուբլուց պակաս եկամուտ ունեն (6.400 հազար ամսական), հարկը նախկինը կլինի՝ 13%:
Մյուսների համար աստիճանական հարկ է նախատեսվում՝ 18%-28%: Ինչպես տեսնում ենք, հարկային բեռն ընկնում է բավական բարձր եկամուտ ունեցողների ուսերին: Հավելենք, որ աշխատավարձը քաղաքացիների եկամուտների միայն մի աղբյուրն է: Ձեռնարկատիրությունից ստացված ֆիզիկական անձանց եկամուտները (դիվիդենտների տեսքով) մեզ մոտ չեն հարկվում:
Ներկայում Ռուսաստանում աշխատավարձից ֆիզիկական անձինք հարկվում են 13%-ի չափով: Մնացած հարկերը (կենսաթոշակային հիմնադրամ, սոցապահովության հիմնադրամ, պարտադիր բժշկական ապահովագրություն) վճարում է գործատուն՝ կազմակերպության միջոցներից: Ի դեպ, Ռուսաստանում եկամտահարկը մուտքագրվում է տարածքային եւ տեղական բյուջեներ: Իսկ Հայաստանում այն մուտք է արվում պետբյուջե: Անցյալ տարի այս հարկատեսակն ապահովել է պետբյուջեի հարկային եկամուտների ավելի քան 27%-ը:
2013 թվականին մեզ մոտ ընդհանուր կաթսա ստեղծեցին, որում խառնեցին նախկին եկամտահարկը, սոցապահովության պարտադիր վճարումները (որոնք վճարում էին ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործատուները): Ներկայում 2 մլն դրամ աշխատավարձի դեպքում հարկը կազմում է 25.9%: Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է այդ շեմը, ապա հարկի չափն արդեն 36% է: Մեզ մոտ, կարծես, հարկային համակարգն ավելի լավն է: Սակայն հաշվի առնենք, որ ի տարբերություն Ռուսաստանի, մեր հարկում հիմա սոցիալական պարտադիր վճարումներ կան, որոնք նախկինում վճարում էր գործատուն:
Նախկին եկամտահարկի առավելագույն դրույքաչափը 20% էր: Նոր հարկում գրեթե նույն չափաբաժինն է: Միաժամանակ, մի շարք զարգացած երկրներում (Շվեդիա, Բելգիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա եւ այլն) եկամտահարկի առավելագույն դրույքաչափն ավելի քան երկու անգամ ավելին է մեր «ձեռքբերումներից»:
Եկամտահարկի առավելագույն դրույքաչափը թույլ է տալիս կրճատել ցածր աշխատավարձից հարկային բեռը, բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը:
Արդյո՞ք առավելագույն դրույքաչափի կտրուկ բարձրացումն արդյունավետ կլինի: Նույն Ռուսաստանում, օրինակ, հետաքրքիր հաշվարկ են կատարել: Պարզվում է՝ բարձրացված հարկը կտարածվի ընդամենը… 2% բնակիչների վրա: Սակայն բնակչության այդ չնչին տոկոսն է ապահովում երկրի անձնական բոլոր եկամուտների 30%-ը: Հայաստանում, թերեւս, գրեթե նույն իրավիճակն է:
Իհարկե, Ռուսաստանում հարկի պրոգրեսիվ սանդղակին անցնելու մտադրությունը լավ կյանքից չէ, այլ տնտեսական դժվար իրավիճակի հետեւանք: Այդ միջոցն ակնհայտորեն ուշացած է, այնպես որ՝ հարկավոր է համապատասխան եզրահանգումներ կատարել նաեւ մեր հարկային համակարգի համար:




























