Հայ մասնագետները ստեղծել են սենսորներ /տվիչներ/, որոնք կարող են այլընտրանքային, ավելի զգայուն տարբերակ դառնալ բժշկական ախտորոշման գործում, ու բեկումնային նշանակություն ունենալ այդ բնագավառում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական «PSI» ընկերության (Precision Sensors & Instruments - «Փի Էս Այ») կենսաբժշկական կիրառումների բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Խաչունցը: Նա նշեց, որ «Փի Էս Այ» ընկերության գլխավոր տեխնոլոգ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջատար գիտաշխատող, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար Ճարտարագետ, 

պրոֆեսոր Սամվել Գևորգյանի կողմից վերջին 10-15 տարիների ընթացքում մշակվել է զգայուն չափումներ իրականացնելու սկզբունքորեն նոր տեխնոլոգիա, ու դրա հիման վրա պատրաստվել գերզգայուն նոր սենսոր (նոր սկզբունքով գործող միկրոֆոն): Այն կլինիկաներում օգտագործվող համարժեք կամ համանման խնդիրներ լուծող սարքավորումներից մի քանի անգամ ավելի էժան է: «Այս սարքը կարողանում է մեխանիկական տատանումներ որսալ գրեթե «0» (տեսականորեն) հերցից մինչեւ գերձայն ընկած տիրույթում, ու, դրանով իսկ, արդեն մյուս այլընտրանքների համեմատ ունիկալ է, քանի որ նմանատիպ այլ սարքերը հատկապես ինֆրաձայնային («0» հերցին հարող) տիրույթում պարզապես «կույր են», ու չեն կարողանում գրանցել ալիքային տատանումները», – ասաց նա՝ նշելով, որ այսօր օգտագործվող ուլտրաձայնային ախտորոշիչ սարքերը գրանցում են, ուլտրաձայնային հաճախությամբ տատանումներ, կամ էլ մեխանիկական տատանումներ, սակայն՝ մեկ տարբերությամբ. դրանք սկզբում ազդակ են ուղարկում եւ հետո հավաքագրում ու վերարտադրում ազդակի արձագանքը: Իսկ մեր սարքը (միկրոֆոն-փոխարկիչը), հպված լինելով մարմնի տարբեր կետերին ու դետեկտելով մաշկի տատա­նումները, պարզապես գրանցում է մարդու ներքին օրգանների գործունեության ամբողջական պատկերը՝ «որսալով» հյուսվաածքների ամենաաննշան տատանումները:

«Մշակել ենք երկու տեսակի՝ ակուստիկ ու վիբրացիոն փոխարկիչներ, որոնք փոխարինվում են մեկը մյուսով՝ հետազոտության բնույթից կախված: Նախնական արդյունքները չափազանց հուսադրող են, քանի որ  համադրումը  լավագույն  սարքերով այլ մեթոդներով արտերկրում իրականացված փորձերի արդյունքների հետ, գրեթե նույնական պատկեր է տալիս, իսկ շատ դեպքերում մեր սարքերը նույնիսկ ավելի ինֆորմատիվ են»,- նշեց Խաչունցը, ավելացնելով, որ իրենց սարքն ունի հաճախության գրանցման անհամեմատ ավելի լայն տիրույթ, ինչը նպաստում է ներքին օրգանների՝ ավելի մանրամասն, բնականաբար նաև, ավելի որակյալ ու արդյունավետ հետազոտությանը:

«Հետազոտության առարկա կարող է հանդիսանալ մարդու ցանկացած օրգան, սակայն այս պահին ուսումնասիրություններ ենք իրականացնում քնային զարկերակից տեղեկատվություն ստանալու ուղղությամբ: Արդյունքը շատ դրական է: Փոխարկիչը քներակին հպելով հնարավորություն է ստեղծվում գրանցել ու տարբերակել, սրտի փականների, փորոքների, նախասրտերի, ինչպես նաև արյան անոթների աշխատանքի, զարկերակային ճնշման ու շնչառության ազդակները: Հնարավոր է նաև, դրանցից յուրաքանչյուրն իր հերթին տրոհել բաղադրիչների: Պարզապես, մի համեմատություն բերեմ. քներակից սրտի փականի փակման ձայնը կարողացել են ստանալ ԱՄՆ-ում 2013թ-ին՝ օգտագործելով թանկարժեք, գերժամանակակից, մեծ չափերի լազերային սարքավորում: Մենք այստեղ շահեկան դիրքում ենք, քանի որ մեր փոխարկիչն անհամեմատ ավելի էժան է, և, ամենակարեւորը՝ շարժական, ու կշռում է մի քանի տասնյակ գրամ», – ասաց գիտնականը՝ ավելացնելով, որ սենսորի չափերի փոքրացման ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունեն անելու:

Խաչունցը պատմեց նաեւ, որ սարքի փորձարկումների ժամանակ հետազոտվողներից մեկի մոտ հայտնաբերվել է սրտի ռիթմի խանգարում: Դա նաեւ հաստատել է փորձարկվողը, նշելով, որ հիվանդությունն իր մոտ փոքր հասակում են հայտնաբերել: «Ստացված տեղեկատվությունը բաղադրիչների տրոհելու միջոցով վերլուծելու ընթացքում հայտնաբերվեց, որ փոխարկիչը նույնիսկ սրտի անկանոն աշխատանքին «նախապատրաստվելու» վիճակի պատկերն է ցույց տալիս:  

Նոր միկրոֆոնի (փոխարկիչի) աշխատանքի սկզբունքի հեղինակ, պրոֆեսոր Գևորգյանի համոզմամբ, ինչպես գերզգայուն չափումների այս նոր տեխնոլոգիան, այնպես էլ դրա հիման վրա գործող այս նոր  սարքը հսկայական ներուժ ունեն: «Ի վերջո, մեր տեխնոլոգիայի հիման վրա կարելի է ստեղծել ունիվերսալ ախտորոշիչ սարք, որը կկարողանա փոխարինել, անգամ, ներկայիս տոմոգրաֆներին, որոնք այսօր հսկայական գումարներ արժեն: Այն կունենա անհամեմատ ավելի փոքր չափեր, ու կլինի ավելի էժան: Բայց, դրա համար մեծ ներդրումներ են հարկավոր: Սակայն, ներկայումս մեր կողմից ստեղծված է նոր միկրոֆոն (փոխարկիչ), որով մենք արդեն փորձարկումներ ենք իրականացվում: Դրա արտադրության համար մեծ ներդրումներ չի պահանջում», – ասաց նա՝ ավելացնելով, որ այս փոխարկիչը նոր բժշկական համակարգերի ստեղծման հիմք կարող է հանդիսանալ: Կարելի է սկսել տնային պայմաններում ինքնահետազոտման ու երկարատև դիտարկման  սարքից, որից ստացված տվյալները մարդը կարող է իր բջջային հեռախոսից ուղարկել  բժշկին՝ համապատասխան ծրագրային հավելվածի առկայության դեպքում:

Մեր գիտնականները նաեւ վստահ են, որ խնդրո առարկա տեխնոլոգիան կարող է կիրառվել ոչ միայն բժշկական ախտորոշման ոլորտում, այլ նաև, օրինակ, աուդիոինդուստրիայում՝ գերճշգրիտ միկրոֆոնների արտադրության մեջ, կամ մանկավարժության ասպարեզում՝ ձայնի արտաբերման հետ կապված խանգարումների շտկման գործում:

Ի վերջո, այս տեխնոլոգիայի զարգացումը կնպաստի Հայաստանում գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս խոսել են Հայաստանի բարձրագույն ղեկավարության շրջանակներում: 

Այս պահին կարելի է վստահ ասել, որ 7-8 մլն ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում Հայաստանում կարելի է հիմնել ունիկալ սարքավորումների արտադրական մեծ համալիր, որի արտադրանքը լայն կիրառում կունենա ինչպես բժշկության այնպես ել տնտեսության զանազան ոլորտներում, ներառյալ՝ ռազմաարդյունաբերականը: 

Գիտնականները խոսեցին նաև իրենց համար ոչ ցանկալի՝ այլընտրանքային տարբերակի մասին.  այսօր Սինգապուրը, ԱՄՆ-ն և մի քանի այլ երկրներ պատրաստ են զարգացնել այս տեխնոլոգիան՝ բայց, իրենց մոտ՝ հեղինակների մասնակցությամբ: