Դիարբեքիրցի հայերի` Գաֆուր Թյուրքայի, Կարոտ Սասունյանի եւ Արթին Դիյարբաքըրի հետ կանադայի հայկական «Հորիզոն» շաբաթաթերթի համար հարցազրույց է արել Մելինե Անումյանը։
Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ մասը։ Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
Արթին Դիյարբաքըր- Հայութունն այստեղ նշանակում է օտարից օտար, այսինքն` ոչ մի կողմից չընդունված: Անգրագետ և կեղծ իսլամականությամբ տարված եղողները հայերին համարում են աշխարհի ամենավատ արարածները: Այս շրջանի բնակչության մեծ մասի, անգամ ծագումով հայ եղողների տեսակետն է դա:
Մելինե Անումյան- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը ի՞նչ փոփոխություններ բերեց դիարբեքիրցի հայերի կյանքում: Արդյո՞ք նրանք կարողանում են մկրտվել այնտեղ:
Գաֆուր Թյուրքայ- Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը շատ դրական ազդեցություն ունեցավ դիարբեքիրցի հայերի հոգևոր կյանքի վրա: Առնվազն նրանք ունեցան մի վայր, որտեղ կարող են հավաքվել: Մինչ այդ հայկականության մասին խոսելը գրեթե անհնար էր դարձել: Եկեղեցու բացումից հետո հայկականության մասին հնարավոր դարձավ խոսել յուրաքանչյուր հարթակում: Եկեղեցու վերաբացման հետ հայերն սկսեցին մկրտվել այնտեղ: Մինչ այժմ առնվազն 20 հոգի է կնքվել այս եկեղեցում:
Կարոտ Սասունյան- Եկեղեցին առայժմ միայն հանդիպման վայր է, հասցե, որտեղ մեկտեղվում են ինձ պես` իրենց ինքնությունը որոնող հազարավորները: Մկրտության մի քանի արարողություն եղել է, թերևս` ցուցադրական: Տերհայր (տերհայր բառը հայերենով է ասում-Մ.Ա.) չունեցող սույն եկեղեցում Ստամբուլից եկած քաղաքաբնակ քահանաները տարեկան մեկ կամ երկու անգամ իրենց ներկայությամբ պատվելով` լրիվ քաղաքական նպատակների ծառայող ցուցադրական պատարագ են մատուցել… Այդքանը միայն: Սակայն ընդհանուր հանդիպման վայր դառնալու հանգամանքը մեր նոր հայրենակիցներին օգնեց իրենց ազգականներին գտնելու հարցում: Եվ դա ևս շատ դրական հանգամանք է: Ավելի լուրջ, ծրագրավորված կերպով և նյութական շահից հեռու եղող գիտակցությամբ տեր կանգնել եկեղեցուն: Դա մեծ օգուտ կտա աստեղի հայերիս իրական թիվը բացահայտելու առումով…
Արթին Դիյարբաքըր- Եկեղեցու լինելու փաստը այստեղ մեկտեղում է մեզ և որոշ առումով հիմք ստեղծում հայ ազգակիցների զարթոնքի համար: Եկեղեցում մկրտվածներ կան, սակայն մեր կարծիքով` քրիստոնեությունը չպետք է հիմք ընդունվի ներկա պահին:
Մելինե Անումյան- Հնարավո՞ր է արդեն խոսել Դիարբեքիրում հայկական համայնքի առկայության մասին:
Գաֆուր Թյուրքայ- Այո, կարող ենք ասել, որ այստեղ այլեւս հայկական համայնք գոյություն ունի, որովհետև շատ լավ աշխատանքներ ենք անում: Օրինակ, ամեն ամսվա մի կիրակի օրը նախաճաշեր ենք կազմակերպում Սուրբ Կիրակոս եկեղեցում: Եթե այդ նախաճաշերին սկզբում 5-6 հոգի էր մասնակցում, ապա հիմա մասնակիցների թիվը հասել է 100-ի: Վերջին 3 տարիներին տոնել ենք նաև Զատիկը: Շատ հանդիսավոր տոներ ենք նշել: Մեր հյուրերի հետ միասին մասնակիցների թիվը հասել է 800-ի և անգամ անցել դրանից:
Կարոտ Սասունյան- Թեև փոքրաթիվ, սակայն արդեն համայնք կա այստեղ: Համայնք, որի անդամների թիվը մեծանում է ամեն անցնող օրվա հետ: Ինչպես քիչ առաջ էլ ասացի` եթե նյութական շահից հեռու և հոգևորի վրա հիմնված աշխատանքները շարունակվեն, արդեն իսկ առկա այդ համայնքը թե մնայուն կդառնա և թե կմեծանա: Ես առայժմ հետևյալն ասեմ. արհեստավարժ կերպով սկսեցին այդ գործը, սակայն սիրողական ձևով շարունակելու պատճառով ներկա պահին ինքն իրեն մխիթարող փոքրիկ համայնքը դոփում է տեղում: Իր պես չմտածողին հայ չհամարող, Ստամբուլի վրա կենտրոնացած մտայնությունը թե համայնքը կպառակտի և թե արգելք կդառնա առկա պոտենցիալի ձևավորմանը: Այնինչ, ներկայիս վիճակը դա է ցույց տալիս:
Արթին Դիյարբաքըր- Քանի որ ես նոր եմ իմացել, թե ինչ է նշանակում հայ լինել, կարծում եմ, որ ծանոթացածս, այսպես կոչված, համայնքի դիտորդների, այդ անձանց նպատակը հաստատապես սեփական շահն է, այսինքն` մի անպտուղ հայկական համայնք կազմավորելով` իրենց ներկայացնելը:
Մելինե Անումյան- Հայտնի է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հայերենի դասեր են կազմակերպվում: Ինչպե՞ս եք արժևորում այդ դասընթացը: Ուրիշ ի՞նչ պետք է ձեռնարկել, որպեսզի դիարբեքիրցի հայերը հնարավորություն ունենան հայերեն սովորել:
Գաֆուր Թյուրքայ- Դիարբեքիրում հայերենի դասընթացը ես եմ կազմակերպել: Շատ մեծ հուզմունքի ալիք ստեղծեցինք: Նախ 35 հոգի դիմեց: Երկրորդ շրջանում այդ թիվը հասավ 65-ի: Վերջին մեկ տարում չկարողացանք անել: Սակայն ներկա պահին ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Մենք պետք է շարունակական դարձնենք այդ դասերը: Այս հարցում ակնկալում ենք նաև արտերկրում ապրող մեր հայ բարեկամների նպաստը: Կարելի է աջակցություն ապահովել աշխարհի հայկական հիմնադրամներից: Շատ մեծ գումարի կարիք չկա: Փոքր թվի մասին է խոսքը: Այսպես, մեկ տարվա դասընթացի ծախսը 25 հազար դոլար է կազմում: Քանզի ուսուցչին կարելի է բերել Ստամբուլից: Նրա աշխատավարձը, գրենական պիտույքները, բոլոր ծախսերն այդքան են կազմում: Կարծում ենք, որ դա շատ մեծ գումար չէ:
Կարոտ Սասունյան- Շատ լավ քայլ է արվել, բայց շարունակական չեղավ: Դա, անշուշտ, խիստ դրական մեկնարկ էր: Սակայն այն շարունակություն չունեցավ, քանի որ նախաձեռնվել էր սեփական հնարավորություններով և այստեղի քրդական քաղաքապետարանի աջակցությամբ, որն իրականում քաղաքական նպատակներ էր հետապնդում: Այսինքն, հայերենի ուսուցչի միջոցով հայոց լեզվի դասընթացը եթե քաղաքապետարանից անկախ աջակցություն ստանար, դա շատ մեծ դեր կխաղար այդ դասերի շարունակական լինելու հարցում: Այդպես է լինում, երբ գործին օտարն է խառնվում: Հայոց լեզվի դասընթացը երկու անգամ կազմակերպվեց և ավարտվեց` նշածս պատճառների բերումով:
Արթին Դիյարբաքըր- Նախկինում արվել էր: Ես գործընթացին քաջատեղյակ չլինելու պատճառով տեղյակ չեմ դրանց բովանդակության մասին: Սակայն ներկա պահին նման դասընթաց չկա, կամ էլ չեն ցանկանում կազմակերպել:
Մելինե Անումյան- Ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպում Դիարբեքիրի հայերը: Ըստ ձեզ, ուրիշ ի՞նչեր պետք է նրանք անեն` հայկական ինքնությունը պահպանելու համար:
Գաֆուր Թյուրքայ- Վերևում էլ եմ նշել այդ մասին. մենք ամիսը մեկ անգամ նախաճաշեր ենք կազմակերպում: Գարնանային և ամառային ամիսներին ընտանյոք հանդերձ պիկնիկների ենք գնում: Պիկնիկի համար վայր ընտրելիս նախընտրում ենք այնպիսի տեղեր, որոնցում առկա են հայկական պատմությունը հիշեցնող տարրեր: Երբեմն ճաշկերույթներ ենք կազմակերպում: Համայնքի մեր ընկերների հարսանիքներին, թաղումներին և նման այլ օրերի աշխատում ենք միասին լինել: ՀԱՅ ինքնության պահպանման համար ամենաէական բանը լեզուն է: Լեզուն սովորելը, տվյալ ժողովրդի պատմությունն իմանալը, նախկինում եղած սոցիալական կառուցվածքը պատկերացնելը խիստ կարևոր են: Չպետք է մոռանալ, որ Ցեղասպանությունից փրկվածները, արդեն 99 տարի է, ինչ կանգնած են մեկ այլ ցեղասպանության` ուծացման վտանգին դեմ հանդիման:
Կարոտ Սասունյան- Թեև ոչ հաճախ, սակայն եկեղեցու ղեկավարության որոշմամբ` սահմանափակ թվով որոշակի անձանց կողմից կազմակերպվում են կիրակնօրյա նախաճաշեր ու զբոսանքներ: Այստեղ 100 տարի հայ ինքնությունը պահպանել կարողացած մարդիկ այսուհետ ևս, առանց որևէ մեկի աջակցության, կարող են պահպանել իրենց արմատները: Որպեսզի այդ մարդիկ կարողանան բացահայտ կերպով արտահայտել իրենց իրական եսը, նրանց պետք է ընդունել ներկայիս վիճակով` այնպես, ինչպես որ կան: Այսինքն` եթե մուսուլման են, պետք է նրանց ընդունել հենց մուսուլման ինքնությամբ: Եթե մահմեդական հայերին առանց արհամարհելու, առանց ստորացնելու, առանց վերևից նայելու ընդունեն և իրենց գիրկն առնեն, նրանք իրենց իրական ինքնությունը կպահպանեն, և դա կբորբոքի «մոխրի տակ անթեղված կրակը»:
Արթին Դիյարբաքըր- Սկզբնապես մի քանի միջոցառում արվեց: Ես էլ մասնակցեցի, բայց հետագայում հասկացա, որ դրանց նպատակը, չհասկացողներին իրենց հետևից տանելով, ոմանց աչքին թոզ փչելն է, և ինձպեսներին էլ այլևս չեն հրավիրում:
Մելինե Անումյան- Դուք կապեր ունե՞ք հայաստանցի հայերի հետ:
Գաֆուր Թյուրքայ- Այո: Արդեն իսկ 50 հոգանոց խմբով Հայաստան էինք այցելել, և այդ այցի շնորհիվ կապերը զարգացան: Մենք հարաբերություններ ունենք Սփյուռքի նախարարության, փոխնախարարի և նախարարի խորհրդականի, ինչպես նաև` պատգամավորների հետ: Օրինակ, անցած տարի Դիաբեքիրից Հայաստան են գնացել 2 ուսանող` հայոց լեզու և հայ գրականություն ուսանելու նպատակով: Նրանց ծախսերը նախարարությունն է ստանձնել: Կարելի է նմանատիպ աշխատանքներ տանել: Այսպես, Հայաստանի համապատասխան նախարարությունները կարող են ամեն տարի 5 ուսանողի ծախսերը հոգալ: Մենք էլ կարող ենք ուղարկել այդ ուսանողներին: Այդ աշխատանքը կարճ ժամանակահատվածում շատ դրական արդյունքներ կտա:
Կարոտ Սասունյան- «Քաֆ լեռան (լեգենդար լեռ, որն իրականում գոյություն չունի, նկատի ունի Արարատը-Մ.Ա.) հետևում գտնվողների» հետ շփումներ ունենում եմ, քանի որ ազգականներս այնտեղ են ապրում: Հաճախ ենք շփվում: Այցելում ենք իրար: Բացի այդ, առիթ եմ ունենում նոր ընկերներ ձեռք բերել և ազգականների հանդիպել:
Արթին Դիյարբաքըր- Ունեմ շատ լավ, ըմբռնում ունեցող և դյուրազգաց ընկերներ, որոնց հետ ծանոթացել եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով:
Մելինե Անումյան- 2014 թվականին Սփյուռքի նախարարությունը, «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ապահովել էր, որպեսզի շուրջ 50 հոգանոց դիարբեքիրցի հայերից բաղկացած մի խումբ այցելի Հայաստան: Ձեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուրիշ ինչե՞ր կարող է ձեռմարկել դիարբեքիրցի հայերի համար:
Գաֆուր Թյուրքայ- «Արի տուն» ծրագրի շրջանակներում, կարելի է ամեն տարի 40-50 հոգանոց խումբ հրավիրել Դիարբեքիրից: Շատ լավ կլինի, եթե հայաստանյան կառավարությունը կարողանա հոգալ նրանց այցի ծախսերը, քանի որ 99 տարի շարունակ այդ փոխադարձ այցերի բացակայության պատճառով իրարից կտրված Թուրքիայի հայերի և Հայաստանի հայերի միջև մեծ շփումներ կլինեն: Քանզի, մեր կարծիքով, այդ երկու հայկական խումբը մեկը մյուսից խիստ կտրված է ապրել: Համոզված եմ, որ նրանց պետք է այդ կերպ իրար հետ հանդիպելու հնարավորություն ընձեռել:
Կարոտ Սասունյան- Սփյուռքի նախարարության կողմից ձեռնարկված այդ ծրագիրը դրվատանքի արժանի գործ է, որը չպետք է սահմանափակվի միայն Դիարբեքիրով և պետք է շարունակական լինի: Եթե այն փոխադարձ կերպով շարունակվի և առավել ընդգրկուն լինի, ավելի մեծ հաջողություն կունենա: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած դիարբեքիրցի հայերը հայտնեցին, որ իրենց շատ լավ են ընդունել, և իրենք անգամ իրենց ակնկալիքները գերազանցած հյուրընկալություն են վայելել: Եթե երկկողմանի մշակութային միջոցառումների, քննարկումների, առեւտրի, ցուցահանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների թիվն ավելանան, ու դրանք շարունակական բնույթ կրեն, ծրագիրը կհասնի իր նպատակին:
Արթին Դիյարբաքըր- Այդ միջոցառմանը ես էլ էի հրավիրված: Որոշ պատճառներից ելնելով` չկարողացա գնալ:
Մելինե Անումյան- Ուզու՞մ եք որևէ բան հավելել:
Գաֆուր Թյուրքայ- Այն ամենը, ինչ վերը նշեցի, պետք է հասցնել համայն աշխարհի հայության գիտակցությանը: Համոզված եմ, որ այդ ուղղությամբ շատ անելիքներ ունեն Ձեզ պես մտավորականները և գիտնականները, ինչպես նաև` հասարակության առջևից գնացող բոլոր հատվածները: Հավատացած եմ` որքան հաճախակիանան մեր ջերմ հարաբերությունները, այնքան շատ ավելի լավ բաներ կանենք: Չմոռանանք, որ այդ ամենը մեր բոլորի գործն է… Հաջողություն եմ մաղթում Ձեր աշխատանքներին: Ողջույններով` Գյաֆուր Թյուրքայ (Օհաննես ՕՀԱՆՅԱՆ):
Կարոտ Սասունյան- «Մենք, այսինքն` Էրգրում ապրող հայերս կրիայի նման ենք: Ամենափոքր շարժման դեպքում ներփակվում ենք մեր պատյանում»: 100 տարի է, ինչ անկախ ամեն տեսակի դժվարության` կարողացել ենք, մեր ինքնությունը պահպանելով, այսօրվան հասնել: Հայրենիքին պահակություն անելով` պարտավոր ենք անել այն ամենը, ինչ հարկավոր է` Անդովկի և Արարատի միջև եղած կամրջի շինարարությունը շարունակելու համար: Արցախը երազանք էր մեզ համար. իրականություն դարձավ: Մոխրի տակ անթեղված կրակը բորբոքելով` երազում ենք, որ Մեծ Հայաստանը (Մեծ Հայաստանը հայերենով է ասում-Մ.Ա.) ևս դադարի երազանք լինել: Մեր պապերն ասում էին` «Երբ մի օր աշխարհը Հայաստան դառնա, արի գերեզմանիս մոտ և ինձ ասա դրա մասին: Ահա այն ժամանակ ոսկորներս կվերածնվեն…» (նախադասությունը հայերենով է ասում-Մ.Ա.): Մեր նմանները սկզբունք են դարձրել այդ խոսքերը:




























