Arabian Business Magazine-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ արաբ կանանց վարկանիշային աղյուսյակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄԷ միջազգային համագործակցության եւ զարգացման նախարար Շեյխա Լյուբնա Ալ Կասիմին։
Ամսագիրը նշում է այն մեծ ազդեցությունը, որը ունի Ալ Կասիմին ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ողջ աշխարհում։ Բացի այդ, վարկանիշի հեղինակները նշում են այն մեծ դերը, որը նախարարը խաղացել է կանանց իրավունքների համար պայքարելիս։ Անցյալ ամիս նա կառավարությանը կոչ էև արել դրամաշնորհներ հատկացնել Պակիստանում ու Եմենում աղջիկների կրթության համար:
Երկրորդ տեղում է հոլվիուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, որը առաջին անգամ է հայտնվում այդ ցուցակում։ Վարկանիշային աղյուսյակի հեղինակները նշել են Ջուլիան Ասանժի, Յուլյա Տիմոշենկոյի գործերը վարելիս եւ ՄԻԵԴ-ում Հայոց ցեղասպանության լսումներում Քլունիի ունեցած հաջողությունները, գրում է Lenta-ն։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոուջան Խաթլուլը, որին 2014թ. դեկտեմբերին մեքենա վարելու համար ձերբակալել էին Սաուդյան Արաբիայի իշխանությունները։ Հեղինակները նշել են, որ նրա արարքը մեքենա վարելու կանանց իրավունքը պաշտպանելու շուրջ հասարակական քննարկումների հզոր խթան հանդիսացավ։
Նշենք, որ վարկանիշում 35-րդ տեղը զբաղեցրել է Ջոել Մադինյանը, ով ԱՄԷ-ում հայտնի է որպես հեռուստահաղորդավարուհի եւ վիզաժիստ: Մարդինյանը նաեւ հայտնի Max Factor ընկերության տարածաշրջանային կրեատիվ տնօրենն է





























