Ամերիկյան գիտնականներն օրերս ստացել են նոր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, Արկտիկայի սառույցների հալչելու խնդիրն ավելի լուրջ բնույթ է ստանում:
Վաշինգտոնի համալսարանից երկու գիտնականներ՝ Ռոբ Լինդսին եւ Աքսել Շվայգերը, վերջին 40 տարիներին հավաքել եւ վերլուծել են սառույցների հալչելու մասին տեղեկությունը: «Մենք ունեինք անհրաժեշտ բոլոր տվյալներն արբանյակներից, ինքնաթիռներից, նավերից եւ նույնիսկ սուզանավերից, ինչի արդյունքում պարզել ենք, որ Արկտիկայի սառցածածկույթը կրճատվել է 65%-ով»,- նշել է Լինդսին:
Սակայն ավելի մանրամասն վերլուծելով ստացված տեղեկությունները, գիտաշխատողները հանգել են եզրակացության, որ 2000 թվականից սկսած ամենասառն օվկիանոսում սառցե մակերեսի կրճատման գործընթացի տեմպերն աճել են:
«Այժմյան պայմաններում Արկտիկական ավազանի սառցածածկույթը 10 տարվա ընթացքում կկրճատվի 45-ական սանտիմետրով: Իհարկե, մենք գիտեինք, որ դա տեղի է ունենում, բայց նախկինում գաղափար անգամ չունեինք, թե որքան արագ է հալչում սառույցը»,- նշել են գիտնականները:
2017 թվականին NASA-ն պատրաստվում է երկրամերձ ուղեծիր ուղարկել ICESat-2 գիտական արբանյակը: Այն լազերային համակարգի շնորհիվ կուսումնասիրի մոլորակի վրա կլիմայի փոփոխությունները եւ տվյալներ հավաքագրի բեւեռներում սառույցների տեղաշարժի վերաբերյալ:





























