Մարտի 8-ին Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում եւ Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երեւանյան պուրակը համալրվեց հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Կոմիտասի արձանի հարեւանությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորում էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը:
Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փարիզի, ինչպես նաեւ ողջ Ֆրանսիայի իշխանություններին` ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի եւ մշտական ուշադրության համար։
Ելույթներին հաջորդեց հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես եւ նրանց, ովքեր փրկվեցին եւ փոխանցեցին հիշողությունը»:





























