ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը չի կարող լեգիտիմ լինել առանց Հայաստանի մասնակցության: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսված է մարտի 12-13-ին Աստանայում:

Այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես եվրասիական ինտեգրացիոն գործընթացները:

«Անկեղծ ասած, ես դեռեւս չեմ կարող որեւէ բան ասել այդ առթիվ, ուստի կխուսափեմ մեկնաբանությունից: Բայց եթե այդ հանդիպումը տեղի է ունենում ԵՏՄ շրջանակներում, ապա այդ քննարկումները չեն կարող լինել առանց Հայաստանի մասնակցության: Չգիտեմ ովքեր են հավաքվելու այդ հանդիպմանը եւ ով է այդ մասին խոսում, բայց ԵՏՄ օրենսդրության համաձայն,ԵՏՄ անդամների հանդիպումն առանց Հայաստանի բացառվում է»,-ասել է Հարությունյանը:

Նա նաեւ նշել է, որ միջազգային տեսանկյունից հանդիպման նման ձեւաչափը չի կարող լեգիտիմ համարվել: