Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին Սեւանում հանդիպել է «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող երիտասարդների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Մասնավորապես խոսելով ԼՂ խնդրի մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ ներկայումս բանակցային սեղանին են մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա Սանկտ Պետերբուրգում ներկայացվել են նոր առաջարկներ ու հիմա «Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկները, թե ոչ»: «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծել է ՀՀ նախագահը, հավելելով, որ Հայաստանը գտնում է, որ Սանկտ Պետերբուրգում արված առաջարկները հնարավորություն են տալիս շարունակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք, հիմնականում, կա’մ ներքին սպառման, կա’մ ժողովրդի, կա’մ ցանկացածը` որպես իրականություն ներկայացնելու համար են: Նրա խոսքով, Ալմաթիում ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարությունը նույնպես փաստում է, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում։ Բացի այդ, նշվել է, որ այդ երեք սկզբունքների հավասարազոր են եւ որեւէ սկզբունք չի կարող լինել գերակա մյուսների նկատմամբ:




























