Իտալիայի գերագույն դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ «Ռուբիի գործով», հաղորդում է Reuters-ը:

Այսպիսով, երկրի բարձրագույն դատական ատյանը մերժել է դատախազության բողոքը, որը պահանջում էր 78-ամյա քաղաքական գործչի նկատմամբ նոր հետաքննություն անցկացնել: Գերագույն դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Բեռլուսկոնիին մեղադրել էին անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունենալու մեջ: Այդ գործով հիմնական դերակատարը մարոկկացի պարուհի Քարիմա ալ-Մարուգն է՝ «Ռուբի» մականունով:

Նախորդ տարի Միլանի դատարանը քաղաքական գործչին մեղավոր էր ճանաչել գիշերային ակումբի Ռուբի անունով 17-ամյա պարուհու հետ սեռական կապ ունենալու  գործում:

Բեռլուսկոնին նրա ծառայություններից իբրեւ թե օգտվել էր Իտալիայի վարչապետ եղած ժամանակ:  Ռուբին հերքում էր մարմնավաճառությամբ զբաղվելը:

Արադարացնող դատավճիռը նշանակում է, որ վերացվում են նաեւ ազատազրկման յոթնամյա ժամկետը եւ պետական պաշտոններում ցմահ աշխատելու արգելքը: