«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չորեքշաբթի առավոտյան գրոհել է Իրաքի Անբար նահանգի վարչական կենտրոն Ռամադի քաղաքի վրա։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Ինչպես հայտարարել է նահանգի խորհրդի ղեկավարի տեղակալ Ֆալեհ ալ Այսաուին, իսլամիստները հարձակվել են քաղաքի վրա բոլոր կողմերից։ «Քաղաքի հսկիչ անցակետերի եւ անվտանգության ուժերի դիրքերի ուղղությամբ 17 ականապատ մեքենա եւ 50 մահապարտ ահաբեկիչ է ուղղվել։ Ռամադի քաղաքը առավոտից ականանետային հարձակման է ենթարկվում»,- մեջբերում է Ալ Այսաուիի հայտարարությունը ՏԱՍՍ-ը։

Զինծառայողների եւ քաղաքի բնակիչների շրջանում զոհեր չկան։

Անբար նահանգի վարչական կենտրոնի գրոհի մասին տեղեկությունը ստացվել այն բանից հետո, երբ իրաքցի զինվորականները հայտարարել էին, որ կառավարական զորքերը շարժվում են ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Թիքրիթ քաղաքի ուղղությամբ։