Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:
Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Քուվեյթի էմիրն իր հերթին եւս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար:
Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր այցը եւս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար:
Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, ողջունելով եւ կարեւորելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ, նշել է, որ այն կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Քուվեյթի էմիրի խոսքով, իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների եւ ժողովուրդների շահերին, զարգացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական« տնտեսական, մշակութային եւ հումանիտար: Էմիրը նշել է, որ չկա որեւէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ վարչապետը եւ Քուվեյթի էմիրն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:






























