Ադրբեջանցի պատգամավորն իր հայրենակից ուսուցիչներին առաջարկել է սեւագործ բանվորություն անել՝ ծայրը ծայրին հասցնելու համար:
«Եթե մարդն ուզում է ապրել, պետք է շատ ու քրտնաջան աշխատի: Եթե հիմա ուսուցիչն ստանում է 150-200 մանաթ եւ դա չի բավականացնում, նա իր հիմնական աշխատանքից հետո պետք է եւս մեկ տեղ աշխատի: Լենքորանի շրջանի Վերավուլ գյուղում Բալաբեկ անունով մի ուսուցիչ կա, ով մինչեւ ճաշ ուսուցչություն է անում, իսկ հետո սեւագործությամբ է զբաղվում: Նա դրանից չի ամաչում: Ես նույնպես կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,-ասել է Միլի Մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին:
Պատգամավորը նաեւ պարզաբանել է սոցիալիզմի եւ կապիտալիզմի տարբերությունը: «Կապիտալիզմը ձեզ նետում է ծովը եւ եթե դուք կարողանում եք լողալ, ապա կհասնեք ափի, իսկ եթե չեք կարողանում, այնքան եք չարչարվելու, մինչեւ սովորեք լողալ: Իսկ սոցիալիզմի դեպքում պետությունը ձեզ հասցնում է ափ, ինչն ինքնավստահության զգացողություն է տալիս»:





























