Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար սառեցված հակամարտությունը թեժանում է՝ վերածվելով սահմանային մշտական բռնկումների: Դա սպառնում է տարածաշրջանի կայունությանն ու կարող է շղթայական ռեակցիա ծնել, որը դուրս կգա Հարավային Կովկասի սահմաններից: Այս մասին գրում է Financial Times-ը:

2015 թվականի հունվարին ռազմական կորուստները՝ 12 սպանված եւ 18 վիրավոր, տարվա առաջին ամսվա ամենամեծ հաստատված տվյալներն են 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ի վեր:

Վերջին բախումները պատերազմի տարիների նման լայնածավալ չեն, սակայն 2014 թվականի զոհերի թիվը՝ շուրջ 60 մարդ, ըստ միջազգային դիտորդների, ամենաշատն են 20 տարվա ընթացքում: «Ռիսկերն ավելի ու ավելի մեծ են: Դիրքերում բախումների բնույթն ավելի վտանգավոր է դառնում: Դրանք արդեն միայն դիպուկահարներ չեն, այլ նաեւ ռազմական ուղղաթիռներ, հրետանի եւ այլն»,- FT-ի հետ զրույցում նշել է եվրոպացի անանուն պաշտոնյան: Այնուհետեւ հոդվածում նշվում է.

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը 2014 թվականի օգոստոս-հոկտեմբերին հանդիպեցին երեք անգամ. բանակցություններ վարեցին նախ Ռուսաստանի, այնուհետեւ ԱՄՆ-ի, իսկ հետո՝ Ֆրանսիայի միջնորդությամբ: Բայց այդ հանդիպումներից ոչ մեկը չմոտեցրեց խաղաղ համաձայնագրի:

Փոխարենը ռազմական ծախսերը, անզիջում քաղաքականությունն ու պետական քարոզչությունն ուժեղանում է երկու կողմից էլ: Իսկ հակամարտությունը, չմոռանանք, վերաբերում է ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Թուրքիային, ե՛ւ ԱՄՆ-ին: Եվ վերջին տեղում չէ այն հանգամանքը, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարեւոր նավթային եւ գազային խողովակաշարերն անցնում են Ղարաբաղի շփման գծից ոչ հեռու:

Ալիեւն ու նրա կառավարությունը դժգոհություն են հայտնում դիվանագիտական ճակատում առաջընթացի բացակայության առիթով, եւ դա անում են ավելի ուժեղ, քան նախորդ տարիներին: Փետրվարին անվտանգության հարցերի Մյունխենի համաժողովում նա բողոքեց արեւմտյան գերտերությունների երկակի չափանիշներից, որոնք Ուկրաինայի պատճառով պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, սակայն ոչինչ չեն անում, որպեսզի Հայաստանը կատարի ՄԱԿ-ի բանաձեւը, որը պահանջում է զորքերի դուրսբերում ադրբեջանական տարածքներից (խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին է - խմբ.):

Վերջին 10 տարիներին Ադրբեջանն ավելացրել է ռազմական ծախսերը, որոնք հիմա երկու անգամ գերազանցում են Հայաստանի ամբողջ բյուջեն: Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Իսրայելն ու Ռուսաստանը:

Ամեն դեպքում, Հայաստանը ձգտում է դեպի Մոսկվան. ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական համագործակցության առումով: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմաբազան, իսկ հունվարին Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որի գաղափարի հեղինակը Վլադիմիր Պուտինն է, եւ որը միավորում է Ռուսաստանն ու նախկին խորհրդային մի քանի հանրապետություններ:

1992-1994 թվականների պատերազմի ժամանակ Ադրբեջանից վերցնելով Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների վերահսկողությունը, ներկայում Հայաստանը հույսը մեծապես դնում է Ռուսաստանի հետ իր տնտեսական եւ պաշտպանական համագործակցության վրա, որպեսզի Բաքվին թույլ չտա կորցրած տարածքների համար նոր լայնածավալ պատերազմ սկսել:

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հարձակում ձեռնարկի, սակայն չանցնի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սահմանները:

Իսկ Բաքվին անհանգստության առիթ է տալիս Նախիջեւանի անկլավը, որը խոցելի է Հայաստանի կողմից. հայկական տարածքը գրավյալ տարածքների կողմից (բնորոշումը բնօրինակից է - խմբ.) այն բաժանում է Ադրբեջանի մյուս հատվածից: Ռուսաստանն ու Թուրքիան իրենց Նախիջեւանի կարգավիճակի երաշխավոր են հայտարարում:

Հայաստանի հետ Մոսկվայի դաշինքը, Ադրբեջանին զենք վաճառելն ու 2008 թվականին Վրաստանին հարվածելը հարցեր են առաջացնում ԵԱՀԿ Մինսկի խմբում Կրեմլի իրական մտադրությունների մասին: Ամեն դեպքում, արեւմտյան պաշտոնյաների խոսքով, Ղրիմի եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չի խանգարում Ղարաբաղում համագործակցությանը:

2007 թվականին միջնորդները ձգտում էին համաձայնության հասնել, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք նախատեսում են զորքերի աստիճանական դուրսբերում Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքների մեծ մասից (բնորոշումը բնօրինակից է - խմբ.), այնուհետեւ՝ հանրաքվե, որը, վերջապես, կորոշի տարածաշրջանի կարգավիճակը:

Սակայն բացառված չէ, որ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ զիջումների, որոնք անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի համար:

«Հաշվի առնելով երկու կողմից էլ լայնածավալ եւ խորը քարոզչությունը՝ երիտասարդ սերունդը չի կարող ըմբռնել փոխզիջման գաղափարը»,- հայտարարել է ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի պաշտոնյան»: