Լոնդոնի դատարանը Russel&Bromley ցանցի Օքսֆորդ-սթրիթի կոշիկի խանութում աշխատող 37-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել խանութից կոշիկ գողանալու մեջ: Վնասը 7363 ֆունտ (շուրջ 11 հազար դոլար) է կազմել, սակայն ծնունդով Սլովակիայից Եվա Ժասիսկովային չեն բանտարկել: Նրան դատապարտել են մեկամյա հասարակական աշխատանքի:

Դատավոր Մայքլ Գրիվի կարծիքով, երկու երեխաների մայրը կոշիկները գողացել եւ eBay առցանց-խանութի միջոցով վերավաճառել է ֆինանսական ծանր դրությունից ելնելով:

Ըստ NEWSru-ի, 2014 թվականի հունիսին խանութի ղեկավարությունը eBay-ում Diva, Laura եւ Skater ապրանքանիշերի 7 զույգ կոշիկի գովազդ է հայտնաբերել (դրանցից որոշները շուրջ 580 դոլար արժեն), սակայն անմիջապես ոստիկանություն չի դիմել: Վաճառողուհին նախ հերքել է մեղքը, բայց հետո խոստովանել է եւ խոստացել նույն օրն իսկ աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Դատարանում Ժասիսկովան պատմել է, որ 2014 թվականի հունվարից մինչեւ հունիս 26 զույգ կոշիկ է գողացել: Մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ կինն ընդունում է մեղքը եւ ամաչում է իր արարքի համար: Դատարանում գործի մանրամասները պատմելիս նա արտասվել է:

Արդյունքում դատարանը հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները եւ երկու անչափահաս երեխաների առկայությունն ու խիստ պատիժ չի սահմանել: