Շվեդական Բիրկա քաղաքի մերձակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված արծաթե մատանին հաստատում է տեսությունն այն մասին, որ հնագույն վիկինգները սերտ կապեր են ունեցել մահմեդական աշխարհի վաճառականների հետ:

Ստոքհոլմի համալսարանի գիտնականները պարզել են, որ IX դարում պատրաստված մատանու վրա «Ալլահի համար» մակագրությունն են դաջել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Science News-ին:

Հնագետները նախապես ենթադրում էին, որ մատանու վրա դրված քարը մանուշակագույն մեղեսիկ է: Սակայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել է, որ դա գունավոր ապակի է. հազվագյուտ նյութ այն ժամանակների համար: Այն մասին, որ վիկինգները ապակի ձեռք էին բերում հեռավոր երկրներից, վաղուց էր հայտնի:

Ըստ Lifenews-ի, գիտնականները չեն բացառում, որ վիկինգներն իրենք էին գնում ապրանք գնելու՝ չսպասելով, որ վաճառականները դրանք հյուսիս հասցնեն: Իսկ շվեդ հնագետների հայտնաբերած մատանին ինքնատիպ է այն առումով, որ այն Սկանդինավիայում հայտնաբերված արաբերեն մակագրությամբ առաջին գտածոն է: