Մարտի 22-ին ամբողջ աշխարհի տաքսիստները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տաքսիստի միջազգային օրը: 1907 թվականի հենց այդ օրն են Լոնդոնի փողոցներում հայտնվել հատուկ հաշվիչներով առաջին ավտոմեքենաները: Լոնդոնցի ուղեւորափոխադրողները դրանք կոչում էին «տաքսիմետր». ֆրանսիական «տաքս» («վճար») եւ հունական «մետրոն» («չափում») բառերից: Դրանից հետո անհատական քաղաքային տրանսպորտը սկսել են կոչել տաքսի, իսկ փոխադրողներին՝ տաքսիստ:

Լոնդոնյան առաջին տաքսի մեքենաները կանաչ եւ կարմիր էին: Դեղին գույնը, որը մենք ավանդական ենք համարում այդ տրանսպորտի համար, ի հայտ է եկել Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերտցի նախաձեռնությամբ: Բնականաբար, դեղին գույնով ներկված մեքենաներն ավելի հեշտ է նկատել քաղաքի փողոցներում:

Ըստ Calend-ի, տաքսիների եւս մեկ ճանաչելի խորհրդանիշ է վանդակավոր նախշը: Վարկածներից մեկի համաձայն, այն առաջին անգամ ի հայտ է եկել 1920-ական թվականներին, ամերիկյան ընկերության մեքենաների վրա, որն այն փոխառել է ավտոմրցարշավային խորհրդանիշից: Այն պետք է հաճախորդներին մատնանշեր արագ երթեւեկությունը: