Քուվեյթում մարտի 22-ին, ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունեց Քուվեյթի վարչապետ, Նորին վսեմություն շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը:
Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ հանձնեց վերջինիս շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը: Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ վարչապետի հրավերը` վարչապետ Ալ Սաբահը հայտնեց առաջիկայում անպայման Հայաստան այցելելու իր պատրաստակամությունը:
Քուվեյթի վարչապետը գոհունակությամբ նշեց Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ջերմ բարեկամական փոխգործակցության առկայությունը եւ կարեւորեց ակտիվ փոխայցելությունների դերն այդ փոխգործակցության առավել խորացման եւ սերտացման գործում:
Վարչապետ Ալ Սաբահն ընդգծեց նաեւ ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարեւորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ բազում ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Երկուստեք ընդգծվեց երկու բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ կարեւորվեց բազում ուղղություններով համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա ջանքերի գործադրումը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային արդի խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:





























