Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը և քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:

«Ելնելով ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածից՝ ես ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում եմ ընդդիմադիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ պատգամավորների թիվը այս պահի դրությամբ 22 է: ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իրենք դիմում են ստացել 11 պատգամավորներից, նրանք են՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մուրադ Գուլոյան, Ռուստամ Գասպարյան, Մարտուն Գրիգորյան, Վարդան Օսկանյան, Բազմասեր Առաքելյան, Գրիգորի Մարգարյան, Մուշեղ Պետոյան, Դավիթ Քոչարյան:

Ըստ որում՝ նրանցից երեքը՝ Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչայանը, Գրիգորի Մարգարյանը դուրս են եկել ԲՀԿ խմբակցությունից, իսկ մնացած 8 պատգամավորները դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց մնում են խմբակցության կազմում որպես անկախ պատգամավորներ:

Դրանից բացի՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք պարզ չէ՝ մնում են, թե դուրս են գալիս ԲՀԿ-ից: Օրինակ՝ Արայիկ Աղաբաբյանը, ով հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին, սակայն դիմում չկա: Պարզ չէ նաեւ Աբրահամ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը մնում են ԲՀԿ-ի կազմում, թե ոչ, նրանք չեն մասնակցել խմբակցության նիստին եւ կիրակի օրը տեղի ունեցած խնջույքին, սակայն չեն հայտարարել նաեւ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:

ԲՀԿ խմբակցության կազմում իր գործունեությունն է շարունակում նաեւ անկուսակցական Վահե Հովհաննիսյանը, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում, Վահան Բաբայանի փոխանցմամբ, հիմք են ընդունել նրա հայտարարությունը արված համագումարի ժամանակ: