Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի շարքային զինծառայողի արարքի մասին դեռեւս դժվար է որեւէ որոշակի բան ասել։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։
«Մենք նոր ենք սկսել դեպքի քննությունը։ Ուսումնասիրում ենք կատարվածի հանգամանքները, ինչպես նաեւ կենցաղում, ընտանիքում եւ ծառայության ժամանակ զինծառայողի դրսեւորած վարքը»,- հայտարարել է Նազարյանը;
Փոխնախարարը համաձայն չէ այն կարծիքին, որ կատարվածի պատասխանատվությունն ընկած է ՊՆ-ի վրա։ «Պատասխանատվությունը կրում է կոնկրետ անձը։ Ինչու՞ Պաշտպանության նախարարությունը։ Մենք ուսումնասիրում ենք պատճառները։ Հետո պարզ կլինի։ Իսկ դուք միանգամից մեղավորներ եք փնտրում»,- հայտարարեց Նազարյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:





























