Անկարայի նպատակը ոչ թե ռազմական տեխնիկա ներկրելն է, այլ մեր տարածքում դրա արտադրության նպատակով օտարերկրյա երկրների հետ համագործակցելը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմայիլ Դեմիրը իր իտալացի գործընկեր Ջոակինո Ալֆանոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք ձեր արտադրանքը վաճառելու հույսով։ Սակայն եթե դուք համագործակցություն եք առաջարկում, ապա մենք կարող ենք դա քննարկել»,-նախարարի խոսքը մեջբերում է Anadolu-ն։
Իր հերթին Իտալիայի պաշտպանության նախարարը նշել, է որ նրանք հետաքրքրված են իրենց տեխնոլոգիաներն ու ներդրումները Թուրքիա բերելու գործում, քանի որ դա Իտալիային առանձնացնում է Թուրքիայի մյուս գործընկերներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
4 մլն դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգի հեռահար զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին Թուրքիան հայտարարել էր 2009թ։ 2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը։





























