Կանբերայից վերադառնալով Սիդնեյ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ Դիին, ով սերտորեն համագործակցում է ավստրալահայ համայնքի եւ Հայ դատի գրասենյակի հետ:
Քննարկվեցին Հայաստան-Ավստրալիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Հարավային Ուելսի խորհրդարանին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, խոսեց ցեղասպանությունները կանխարգելելու ճանապարհին միջազգային հանրության եւ հատկապես Թուրքիայի պետական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարեւորության մասին: Նախարարը նշեց, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հետեւանքով է նաեւ, որ այսօր շարունակվում են ցեղասպանության նոր դրսեւորումները:
Հանդիպման ավարտից հետո, նախարարը Ջոնաթան Օ՛Դիի հետ ծաղկեպսակ դրեց Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի պարտեզում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Նույն օրը, տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամլո ասուլիսը՝ հայկական լրատվամիջոցների հետ:
Հարցերը վերաբերում էին Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձություններին եւ միջոցառումներին, Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակին, ներդրումային քաղաքականությանը եւ օրենսդրական դաշտին, հայոց լեզվի, մասնավորապես արեւմտահայերենի պահպանությանը եւ այլ խնդիրների:
Նախարարը խոսեց նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններում տիրող իրավիճակի, սիրիահայերի հետ կապված հարցերի եւ Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության, ինչպես նաեւ Կանբերայում ունեցած հանդիպումների մասին:
Մամուլի ասուլիսից հետո նախարար Հ. Հակոբյանը հանդիպեց Հայ օգնության միության անդամների հետ, որտեղ հատկապես խոսեց հայապահպանության գործում հայ կնոջ ունեցած կարեւորագույն դերի մասին, ներկայացրեց Հայաստանի իրավիճակը, սիրիահայության խնդիրները, ապրիլյան միջոցառումները: Նախարարը կոչ արեց ՀՕՄ-ուհիներին, որպեսզի շարունակեն իրենց ազգանվեր գործունեությունը եւ իրականացնեն հայադարձությունը խթանող նոր ծրագրեր:
Օրվա ընթացքում սպասվում է ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի անդամների հետ:





























