Կանադայի Ներկայացուցիչների պալատում ներկայացվելու է օրինագիծ, որը կոչ է անում ապրիլը  ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման եւ կանխման ամիս համարել։ Այդ մասին հայտնում է Կանադայի Հայ դատի գրասենյակը։

Նախաձեռնությունը ներկայացրել է խորհրդարանի անդամ Բրեդ Բաթթը։ Օրինագծով նաեւ առաջարկվում է ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր։

Գրասենյակը կանադացիներին կոչ է արել դիմել խորհրդարանականներին՝ նախաձեռնությանը կողմ քվեարկելու խնդրանքով։

Փաստաթղթում նշվում է, որ Կանադան պաշտոնապես ճանաչել է 4 ցեղասպանություն՝ Հոլոքոսթը, Գոլոդոմորը, Թութսիների ցեղասպանությունը Ռուանդայում եւ Հայոց ցեղասպանությունը։