Խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
Նա շեշտեց, որ ներկա Հայաստանում, ունենալով արտաքին եւ ներքին կայունության ռիսկեր, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ունենալով չկայացած կուսակցական համակարգ, առաջնային որոշման մանդատ տալ խորհրդարանին, դա իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում:
«Խոսքը վերաբերել է հետեւյալին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը հաստատել է, որ աշխատում են եւս մեկ տարբերակի՝ այն է՝ գործող կիսանախագահական տարբերակը բարելավելու վրա: Երբ որ նախագծերը կգան խորհրդարան, տվյալ նախագծի, այն է՝ կիսանախագահականի բարելավված տարբերակի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք, այժմ, չունենալով որեւէ փաստաթուղթ, որեւէ դիրքորոշում չենք կարողանալու հայտնել: Իսկ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:





























