ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել ԼՂ խնդրի կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Լավ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների եւ հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 31-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցելու է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների եւ միջնորդական ջանքերի մասին:

«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության եւ միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- գրել էր Ջեյմս Ուորլիքը: