Ստամբուլի դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոն «ահաբեկչական կառույցի քարոզչության» համար հետաքննություն է սկսել Hurriyet, Cumhuriyet, Posta եւ Bugün պարբերականների դեմ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Ստամբուլի դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոն հայտնել է, թե հիշյալ 4 պարբերականներն իրենց էջերում տեղադրել են դատախազին աշխատասենյակում պատանդ վերցրած DHKP-C-ի զինյալների լուսանկարը։ Նշվել է, թե այս լուսանկարը հանդիսանում է «ահաբեկչական կառույցի քարոզչության» օրինակ եւ հետաքննություն է սկսվել 4 պարբերականների դեմ։
Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված երեխայի գործով դատախազն իր աշխատասենյակում պատանդ էր վերցվել DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) 2 անդամի կողմից, ովքեր մի քանի պահանջներ էին ներկայացրել իշխանություններին՝ մերժման դեպքում սպառնալով սպանել դատախազին:
Թուրքական ոստիկանությունը գրոհել է դատախազի սենյակը, որի ընթացքում սպանվել են DHKP-C-ի 2 անդամը, իսկ դատախազը ծանր վիրավորված տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:





























