Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը նոր թափ է ստանում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ԱԺ պատվիրակության հետ գտնվում է Կիպրոսում:
«Աննախադեպ հաջողություն է, հայոց դիվանագիտության հաջողությունն է, որովհետեւ օրինագիծը միաձայն ընդունվեց Կիպրոսի խորհրդարանի կողմից: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել խորհրդարանի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին եւ բոլոր նրանց, որոնք մեծ աշխատանք են կատարել օրինագծի ընդունման համար: Երբ անցած տարեվերջին ասում է, որ կա եվրոպական մի երկիր, որն առաջիկա ամիսներին ընդունելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, նկատի ունեի հենց Կիպրոսին, որը դա արեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ապրիլի 24-ով ոչ թե ավարտվում է հայոց պահանջատիրության պայքարը, այլ նոր թափ է ստանում:
«Մենք քիչ առաջ հանդիպել ենք նաեւ Կիպրոսի նախագահին, որը շնորհավորեց որոշման ընդունման վերաբերյալ»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ օրինագիծն ընդունվել է ապրիլի 2-ին: Օրինագծով ենթադրվում է, որ Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:





























