Հայաստանի զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում 2014-ին արձանագրվել է 3,728 դեպք, մինչդեռ 2013թ. այդ թիվը կազմել է 4,032: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազության 2014թ հաշվետվությունից, որը օրերս ներկայացրել են ԱԺ նախագահին:
Արձանագրված դեպքերից 2,578-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1,150-ը՝ հանցագործություններ, այդ թվում` 746-ը՝ զինվորական, 404-ը՝ այլ ընդհանուր: Նախորդ տարվա համեմատ պատահարները նվազել են 305 դեպքով, հանցագործություններն` աճել են 16-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 20-ով, իսկ այլ հանցագործություններն աճել` 36-ով: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն աճել են 33-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները` 40-ով:
2014թ. ընթացքում արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան ելքով 40 (2013թ.՝ 29) դեպք, որի հետեւանքով մահացել է 44 զինծառայող: Մահվան դեպքերն ունեն հետեւյալ պատկերը. հակառակորդի կողմից սպանություն` 26 (2013թ.՝ 6), սպանություն` 2 (2013թ.՝ 3), ականի պայթյունից` 2 (2013թ.՝ 1), զենքի հետ վարման կանոնների խախտման հետեւանքով` 1 (2013թ.՝ 1), ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու` 3 (2013թ.՝ 8), հիվանդություններից` 4 (2013թ.՝ 4), ավտովթարից` 1 (2013թ.՝ 4), դժբախտ պատահարից 3 (2013թ.՝ 3) եւ դեռեւս չպարզված հանգամանքներ` 2:
2014թ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1,330 զինծառայող, նվազում է արձանագրվել 16-ով: 58 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք, 1,271-ը՝ միջին ծանրության եւ թեթեւ, 1-ի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը ամփոփումների պահին դեռեւս պարզված չի եղել:





























