Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի խորամանկ և ագրեսիվ քաղաքականության համեմատ ավելի քան պաշտպանողական է: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, լրագրողներին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ եթե թուրքական կոնցեպցիաներից Հայաստանն ավելի շատ պաշտպանվում, քան ձեռնոց է նետում, բնականաբար, մեծ արդյունքների սպասել պետք չէ:
«Այժմ Թուրքիան երկու խնդիր է լուծում` ստվերել հերթական ապրիլի 24-ը և անցնել 2015 թվականը` ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այդ պատճառով էլ, Թուրքիան ավելի վաղ էր նախապատրաստվել և արդեն անցած տարվա աշնանը հայտարարեց, որ նշելու է Գալիպոլիի 100-ամյա տարելիցը, և աշխարհի 102 երկրների ղեկավարներին հրավիրեց այդ միջոցառմանը մասնակցելու»,-ասաց Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հռչակագիրը կոչված է ներկայացնելու համայն հայության տեսակետը` Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ.
«Թուրքիան փորձում էր պառակտել հայկական սփյուռքը, և Հայաստանը այդ հռչակագրով ցույց տվեց, որ հայ ժողովուրդը միակամ է իր պահանջների մեջ»,-ասաց նա:
Միաժամանակ, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները ավելի շատ կոմերցիոն բնույթի են դարձել` Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի պատճառով:
«Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության միջոցառումները վերածվեցին անմոռուկ- փարթիի: Իմ մտքով չէր անցնում, որ ոմանց կարող է չբավարարել ցեղասպանության հուշահամալիրը, որը սերունդներ շարունակ համարվել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշը: Այժմ անմոռուկ սիմվոլը ցեղասպանությանը նվիված բոլոր միջոցառումները դարձրել է կոմերցիոն բնույթի, որը ոչ մի բանով չի հիշեցնում Հայոց ցեղասպանության փաստն աշխարհին»,-ասաց Սաֆարյանը:





























