Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Գերմանիայի Բունդեսթագում (խորհրդարան) դրա հիշատակման շուրջ սուր քննարկումներ են ընթանում։ Այս մասին գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը։ Այն ժամանակ, երբ Կանաչներն ու Ձախերը կողմ են 1915թ. կատարվածը Ցեղասպանություն որակելուն, Դաշնային կառավարության եւ կոալիցիոն խմբակցությունների շարքերում կան ընդդիմադիրներ։ Ակնհայտորեն այդտեղ խոսում է Թուրքիայի հետ կոնֆլիկտ ունենալու վախը, քանի որ վերջինս հրաժարվում է 1915թ. ջարդերը ճանաչել որպես Ցեղասպանություն, գրում է պարբերականը։
Բունդեսթագում վերջին մի քանի ամիսների ընթացքում բոլոր 4 խմբակցություններից կազմված խումբ է ստեղծվել, որը քննարկում է, թե գերմանական կողմը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ինչ դիրքորոշում պետք է ունենա։ Կանաչների միության անդամ Ջեմ Օզդեմիրը եւ Ձախերի ներկայացուցիչ Պետրա Փաուն առաջ են քաշում խորհրդարանի կողմից ցեղասպանություն եզրը ընդունելու բանաձեւը։ Մինչդեռ սոցիալ դեմոկրատները եւ իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափողական դիրքորոշում են ըդնունել։
Անցյալ շաբաթ պատգամավորների կազմած համատեղ փաստաթղթի վերնագրում հայտնվել էր ցեղասպանություն բառը, սակայն արտգործնախարարության միջամտությունից հետո եզրը հանվել էր վերնագրից։ Ակնհայտորեն դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունը վախենում է Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելուց, քանի որ հունիսին այնտեղ ընտրություններ են կայանալու։ Բացի այդ Թուրքիան պետք է Գերմանիային որպես դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։
Ապրիլի 21-ին այս բանաձեւը խորհրդարանում դրվելու է քվեարկության։ Սակայն մեծ է հավանականությունը, որ ցեղասպանություն եզրը վերնագրում չի լինի։
Գերմանիայի արտգործնախարարությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով այս բանաձեւը։ «Զոհերի հիշատակի մշակույթը Թուրքիային չի կարող պարտադրվել արտաքին ուժերի կողմից։ Այն ընդունելու համար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասարակությունը կարողանա հաշտվել դրա հետ եւ ընդունել դա։ Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ հայերի սպանությունները, ցավն ու տառապանքը արդեն երկար ժամանակ Թուրքիայում տաբու չէ, եւ դրա մասին արդեն բարձրաձայն խոսում են։
Միաժամանակ Հայաստանն ու Թուրքիան ջանքեր պետք է գործադրեն երկու ազգերի միջեւ երկխոսության հաստատման եւ հաշտեցման համար»,- հայտարարել է Սոցիալ դեմոկրատների ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը։
Այսուհանդերձ Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը սա բավարար քայլ չի համարում։ Նա քննադատել է Դաշնային կառավարությանը, որը նույնիսկ Ցեղասպանությունից 100 տարի անց պատրաստ չէ իրերն իրենց անուններով կոչել։ «Գերմանիայի Դաշնային հանրապետությունը Գերմանական կայսրության իրավահաջորդն է, որը այն ժամանակվա Օսմանյան Կայսրության մտերիմ դաշնակիցն էր եւ Թուրքիայի հետ միասին կրում է կատարվածի պատասխանատվությունը»,- հայտարարել է Օզդեմիրը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանաչների միության նախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը մարտի կեսերին ժամանել էր Երեւան։ Այցի ընթացքում նա, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հետեւելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օրինակին, ապրիլի 24-ին ժամանի Հայաստան, պատասխանել էր. «Պարոն Էրդողանի հանդեպ կեղծ հարգանք ցուցաբերելու համար դաշնային իշխանությունը խաղում է Հայոց ցեղասպանության հետ՝ ստորադասելով հայերի շահերը»։




























