Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը նրա՝ 1997 թվականին հրապարակված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի շարունակությունն է, որը կարելի է վերնագրել կապիտուլյացիա: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ ասաց, որ եթե ուզում ենք լավ ապրել, ապա Ղարաբաղը պետք է հանձնենք: Սա ինձ համար տհաճ ու ցավալի է»,-հայտարարեց Նիկոյանը, հավելելով, որ եթե նույնիսկ մեկ լրագրող նման հայտարարարություն է անում, դա ոգեւորում է ադրբեջանցիներին: «Նրանք ասում են, տեսա՞ք, չպետք է գնալ զիջումների, քանի որ Հայաստանի ներսում ճաքեր են առաջանում եւ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահն է խոսում Ղարաբաղը հանձնելու մասին»,-նշեց Նիկոյանը: Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի հասարակության վրա, ովքեր հետեւություն են անում, որ եթե առաջին նախագահը նման բան է ասում, «ուրեմն մի բան գիտի, որ ասում է»:
«Սա բավական վատ, Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն եւ հայտարարություն է եւ դրական ազդեցություն է ունենում Ադրբեջանի բանակի եւ հասարակության վրա»,-հայտարարեց Նիկոյանը: ԱԺ փոխնախագահը ընդգծեց նաեւ, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ուղղված էր առավելապես նրա շրջապատին, եւ այսպիսով ընդդիմության առաջնորդն ուզում էր ասել, որ ցանկանում է թոշակի գնալ: «Նա ե՛ւ 1997 –ին, ե՛ւ հիմա ասում է՝ ես այսպես եմ մտածում եւ տրամաբանում: Դուք ուրիշ բան եք ուզում: Իսկ ես ուզում եմ գնալ թոշակի, ուղարկե՛ք ինձ թոշակի, ինձանից ակտիվ գործողություններ մի պահանջեք: Ինձ հեռացրեք քաղաքականությունից»:
Նիկոյանն ասաց, որ ընդդիմութան առաջնորդի վերը նշված հայտարարությունը նման ենթադրության տեղիք է տալիս, այլապես կարելի է կարծել, թե Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարությամբ «կանխամտածված ուժեղացնում է ադրբեջանական հասարակությանը եւ բանակին եւ ընդհակառակը` ցանկանում է քայքայել մեր պաշտպանական նյարդերը»:
Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարում Լեուն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:




























