Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը «էլ ավելի է խորացնում տարածաշրջանում անկայունությունը»՝ շարունակելով միաժամանակ հարվածներ հասցնել Լիբանանին, Սիրիային և Պաղեստինին, հաղորդում է Al Jazeera-ն։

Գերատեսչությունում ողջունել են Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական բնակավայրերի հետ առևտրային և գործարար հարաբերություններն արգելելու Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի գլխավորությամբ 12 երկրների որոշումը։

Միևնույն ժամանակ Անկարան միջազգային հանրությանը կոչ է արել հայտարարություններից անցնել Իսրայելի նկատմամբ «կոնկրետ և զսպող միջոցների»։

«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում դուրս գալ հռետորաբանության շրջանակից և կոնկրետ ու զսպող միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Գազայում տեղահանված պաղեստինցիների ճամբարների և Լիբանանի հարավի բնակավայրերի վրա Իսրայելի հարձակումների, որոնք իրականացվում են միջազգային իրավունքի հանդեպ բացահայտ արհամարհանքով»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը միաժամանակ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել այն գործողությունները, որոնք, Անկարայի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի միջազգային իրավունքը խախտող իր գործողությունները՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։