Կառավարությունը դեռեւս չի խոստանում մարել նաիրիտցիների աշխատավարձի կուտակած պարտքերը։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Եվանդ Զախարյանը։ Նրա խոսքով՝ մարտի 31-ին Նախարարությունը ընդունել է հաստատության մի խումբ աշխատակիցների։

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին վերջին անգամ մեկ ամսվա աշխատավարձ էին վճարել փետրվարին։ Նախարարությունը աշխատավարձի վճարման խոստումների չի տվել՝ հայտարարելով, որ վճարումները հնարավոր կլինի կատարել միայն «Նաիրիտի» գույքի մասնակի վաճառքից հետո։ Խոսքը միայն այն ակտիվների մասին է, որոնք այս պահին գործարանին պետք չեն եւ անհրաժեշտ չեն լինի նաեւ վերակառուցումից  հետո, վստահեցրել է Զախարյանը։ «Մենք սկսում ենք տենդերների  մասին  միջազգային հայտարարություններ տեղադրել եւ ցանկանում ենք արագացնել վաճառքի գործընթացը եւ հնարավորինս արագ մարել պարտքերը»,- ասել է նախարարը։

Աշխատավարձի պարտքերը առաջվա պես պետական էներգետիկ ընկերությունների հաշվին մարելը բարդանում է, նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մենք առանց այդ էլ էներգետիկ ոլորտում խնդիրներ ունենք, իսկ դուք առաջարկում եք լրացուցիչ ծանրաբեռնվածություն վերցնել»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ մեկ տարի առաջ նոր Կառավարության ձեւավորումից հետո ամեն ամիս վճարվել է 400 մլն դրամ, թեեւ գործադիրը ֆորմալ առումով նման պարտավորություններ չի ունեցել։

Այս պահին գործարանի պարտքը կազմում է 102 մլրդ դրամ, որոնցից 6 մլրդ դրամը գործարանը պարտք է աշխատակիցներին,  20 մլրդը՝ Երեւան ՋԷԿ-ին,  8.5 մլրդը՝ պետական բյուջեին, 1.4 մլրդը՝ «Գազպրոմ Արմենիային», 1.2-ը՝ «Հայաստանի էլեկտրացանցերին»։