Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը՝ Արկադի Իսրայելյանը:

Նա հայտնեց, որ զրուցել է Գուլիեւի հետ եւ վերջինս է նման որոշում կայացրել:

Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։