«Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ իրականացնելու համար հրավիրված Համաշխարհային բանկի մասնագետների եզրակացությունը  պատրաստ կլինի 2 օրից։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։

Գործարանի իրավիճակը վերլուծելուց հետո փորձագետները եզրակացություն կկազմեն այն մասին, թե նպատակահարմար է արդյոք առհասարակ գումար ներդնել նրա վերակառուցման համար։ Նման պատասխան է տրվել մոտ 200 նաիրիտցիների, որոնք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ (վերջին 2 ամիսներին  նրանք պիկետ են կազմակերպում ամեն շաբաթ)։

Այս պահին գործարանի պարտքը կազմում է 102 մլրդ դրամ, որոնցից 6 մլրդ դրամը գործարանը պարտք է աշխատակիցներին,  20 մլրդը՝ Երեւան ՋԷԿ-ին,  8.5 մլրդը՝ պետական բյուջեին, 1.4 մլրդը՝ «Գազպրոմ Արմենիային», 1.2-ը՝ «Հայաստանի էլեկտրացանցերին»։