Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի ներկայացրած պահանջները հիմնված են 4 հենքերի վրա՝ պատմագրական, քաղաքական, իրավական եւ գաղափարական։ Այս մասին ապրիլի 2-ին «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդին հայրենազրկումը դատապարտումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ դա ողջ մարդկության դեմ գործած հանցագործություն է եւ ենթադրում է նաեւ փոխհատուցում։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցի պատմագրական հիմքին՝ Ռուբեն Մելքոնանը առաջին հերթին ընդգծեց, որ հայերը եղել են այդ տարածքի բնիկ ժողովուրդը։ «Եվ պատահական չէ, որ թուրքական պատմագրությունը ժխտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն, որ հայերը եղել են տեղի բնիկ ժողովուրդը։ Երկրորդ հերթին, հայերը 20-րդ դարի սկզբին այդ տարածքներում պետություն ստեղծեցին»,- նշեց թուրքագետը։
Ըստ նրա՝ հարցի քաղաքական հիմքն այն է, որ տարբեր պետություններ ջանում են սեփական օրակարգից չհանել իրենց պահանջների բավարարման քայլերը։ «Մենք չեն գտնի ոչ մի հույն քաղաքական գործիչ, որը հաշտվել է Կոստանդնուպոլսի կորստի հետ։ Հայ քաղաքական մտածելակերպից պահանջատիրություն բացառելը սխալ է»,- նշել է մասնագետը։ Պարզաբանելով հարցի իրավական հիմքը՝ թուրքագետը նշեց, որ միջազգային փորձը չի բացառում հսկայական ֆինանսական միջոցների փոխհատուցումը տարածքով վճարելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է գաղափարական հիմքին՝ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ տարօրինակ կլինի, եթե հայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք առաջարկում են Հայոց ցեղասպանության պահանջը դուրս հանել ազգային գաղափարախոսության շրջանակներից։ «Ես իրավաբաններին կոչ կանեի ուսումնասիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Նրանք օրենքի տեսքով բազմաթիվ հետքեր են թողել, որոնք վկայում են ցեղասպանության քաղաքականության շարունակման մասին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։





























