NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Bloomberg-ի թղթակից Սելջան Հաջաօղլուի եւ լրագրող Սառա Խոջոյանի՝ այդ կայքում հրապարակված հոդվածը:
Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի փակումը «երկաթե վարագույրի» վերջին մնացորդն է: Հնարավոր է՝ այն նաեւ նոր «սառը պատերազմի» սահմանի առաջին աղյուսն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին Երեւան կժամանի, որպեսզի հիշատակի Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կոտորածի տարելիցը: Այս մասին նրա մամուլի քարտուղարը հայտարարեց երկուշաբթի: Նա նաեւ կպնդի Ռուսաստանի գերիշխող դիրքի մասին մի երկրում, որին ցանկանում էր հասնել Արեւմուտքը, բայց որը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը՝ Եվրամիության կրեմլյան մրցակցին:
Թուրք-հայկական սահմանը ՆԱՏՕ-ի եւ Խորհրդային միության միջեւ նախկին ճակատային գիծն էր: Կովկասում Ռուսաստանի հետնաբակն Արեւմուտքի ազդեցությունից հեռու պահելու՝ Պուտինի ցանկությունը լարվածության գործոն էր, որը 2008 թվականին հանգեցրեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պատճառով Վրաստանի հետ պատերազմի:
Մինչ տնտեսական բլոկին անդամակցությունն արտացոլում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը, դա կարող է մթագնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկրի վաղեմի վեճերի կարգավորման հեռանկարները: Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի խոսքով, Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման հնարավորություններն «ավելի պակաս են, քան 2010 թվականին», երբ երկու երկրների միջեւ կարճատեւ ջերմացումը բերեց դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ քննարկումների:
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, այս տարվա ապրիլին հայկական կոտորածի 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ, նոր նվազագույնի են հասել: Էրդողանը մերժեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հիշատակի միջոցառումների առիթով Երեւան ժամանելու հրավերը, եւ նույն օրը տեղափոխեց 1915 թվականի Գալիպոլիի ճակատամարտի առիթով արարողությունը: Պուտինը երկու միջոցառումներին էլ մասնակցելու հրավեր է ստացել, բայց որոշել է Հայաստան ժամանել:





























