Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր է գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ուրիխանյանի գլխավորած «Քաղաքացիական շտաբը»՝ անդարադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե «Քաղաքացիական շտաբը» ստեղծելու նպատակը Նիկոլ Փաշինյանի շարժումը «ջարդելն է»:
«Քաղաքացիական շտաբի» տարածած հայտարարությունում նշվում է. «Քաղաքական դաշտում այսօր ձեւավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Քաղաքացիական շտաբը»:
Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում այսօր մեկ օրակարգ կա` հակազդեցություն կամ գոնե մրցակցություն առաջացնել այս երկու ուժերի միջեւ:
Թեման մեկ եւ ընդմիշտ փակելու համար պաշտոնապես հայտարարում եմ` «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը եւ Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների գործունեությունը, նրանց պայքարը հանուն երկրում առկա պրոբլեմների լուծման եւ հայաստանցու շահերի պաշտպանության:
Մենք գտնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարեւորագույն գործառույթ ունի երկրում եւ իրականացնելու է քաղաքական սերնդափոխության արդիական պահանջը:
Մենք չենք տեսնում մեզ ո՛չ մրցակցային, ո՛չ էլ առավել եւս հակազդեցության դաշտում»:
Ավելի վաղ «Իրատես de dacto» թերթը գրել էր, թե Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետեւում կանգնած են առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: «Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արեւմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արեւմտյան վեկտորը դեպի իրեն քաշել ու դաշտը ծածկել:
Ուրիխանյանը պետք է «ջարդի» Նիկոլի շարժումը: Բայց քանի որ մեզանում ռուսական բոլոր այդ կարգի պրոյեկտները չեն գործել երբեք մեկ հայտնի պատճառով` Ռուսաստանը նման բաների վրա փող չի ծախսում, ապա Ուրիխանյանի այս մի պրոյեկտը եւս բարեհաջող ձեւով դատապարտված կլինի»,-գրել էր թերթը:





























