Շիա ապստամբները (հուսիներ, «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ) այսօր՝ մարտի 3-ի գիշերը լքել են Ադենում ավելի վաղ գրաված նախագահական պալատը, հաղորդում է Sky-News Arabia հեռուստաալիքը:

Հուսիները, որոնց աջակցում են նաեւ նախկին նախագահ Ալի ԱբդալլահՍալեհին հավատարիմ բանակային ստորաբաժանումները, մինչեւ լուսաբաց նահանջել են այն բանից հետո, երվ «արաբական կոալիցիայի» օդանավերը ռմբակոծել են նախագահական «Էլ Մաաշիկ» պալատի մոտ գտնվող իրենց դիրքերը:

Ապստամբները Ադենում նախագահական պալատը գրավել էին ապրիլի 2-ին, այսպես կոչված ժողովրդական դիմադրության կոմիտեների ներկայացուցիչների հետ դաժան բախումներից հետո:

Ադենի համար մարտերի ժամանակ սպանվել է առնվազն 44 մարդ, այդ թվում 20 հուսիներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի օդուժը՝ Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի եւ ԱՄԷ-ի ավիացիայի օժանդակությամբ, մարտի 26-ի գիշերը Եմենում «Անսար Ալլահ» շարժման ապստամբների դեմ գործողություն է սկսել, որը կոչել է «Վճռականության փոթորիկ»: Մինչ այդ ապստամբները վերահսկողություն էին սահմանել Եմենի զգալի տարածքների վրա:

Արաբական կոալիցիային միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը եւ Սուդանը: Թեեւ արդեն մեկ շաբաթ է կոալիցիայի օդուժը ռմբակոծում է Եմենում ապստամբների դիրքերը, վերջիններս ոչ միայն չեն զիջում իրենց դիրքերը, այլեւ հարձակողական գործողություններ են ձեռնարկում երկրի մի շարք շրջաններում: