ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Վ.Ա.Ս. Գրուպ» ընկերության կողմից ստացել է դիմում-բողոք այն մասին, որ նույն անվանմամբ ստեղծվել եւ գործում է մեկ այլ ընկերություն («ՎԱՍ Գրուպ»), ինչը սպառողների մոտ առաջացնում է շփոթություն՝ իրենց ընկերության գործունեության հանդեպ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, «Վ.Ա.Ս. Գրուպի» ֆիրմային անվանումը պետական գրանցման է ենթարկվել դեռեւս 2000 թվականին. վերջինը զբաղվում է ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով (առավել հայտնի է որպես սուպերմարկետների ցանց): Նույն անվանմամբ գրանցված մյուս ընկերությունը զբաղվում է ծանր արդյունաբերական տեխնիկայի, օդի, յուղի եւ վառելանյութի ֆիլտրերի ներկրմամբ եւ վաճառքով: Հանձնաժողովի դիտարկմամբ, թեեւ վերոնշյալ ընկերությունները գործունեություն են իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում, այդուհանդերձ ապառողների շրջանում հնարավոր է շփոթության առաջացում, բացի այդ, օրենսդրությամբ արգելվում է նմանակել կամ նույնացնել պետական գրանցում ունեցող ընկերության անվանումը: ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցության գործողության համար «ՎԱՍ Գրուպ» ընկերությանը տվել է նախազգուշացում՝ խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու հանձնարարականով:

Հերթական ուսումնասիրության փաթեթը ուղարկվել է գնումների ոլորտի լիազոր կառույցին «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ կենտրոնի կողմից յուրաքանչյուր ամիս հրատարակվում են «Ինֆորմացիոն տեղեկագրեր», որտեղ նշվում են մի շարք շինարարական ապրանքների կողմնորոշիչ գները։ Գների մասին տեղեկատվությունը ամսական կտրվածքով տրամադրվում են տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարողների կողմից՝ կամավոր հիմունքներով։ Կենտրոնը նշել է, որ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը» հանդիսացել է մի շարք շինարարական ապրանքների միակ գին տրամադրողը։

Ընդ որում, պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի որոշման ժամանակ կողմնորոշիչ գները սահմանելիս հիմք են ընդունվել հենց այդ տեղեկագրերը: Գործարանի կողմից տրամադրվող թվով 15 ապրանքատեսակների կողմնորոշիչ գները 1 տարվա կտրվածքով աճել են մինչեւ 75%-ով, ինչի հետ կապված «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը» որեւէ հիմնավորում չի ներկայացրել:

Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել վերոնշյալ ոլորտում եւ արձանագրել է ապրանքների կողմնորոշիչ գների չհիմնավորված աճ, սակայն պետք է նշել, որ փաստացի իրացում դեռեւս չի եղել։ Հետեւաբար, ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ առկա չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքները որոշելիս հիմք են ընդունվում հենց այդ տեղեկագրերում նշված գները, ապա, ըստ Հանձնաժողովի, այստեղ առկա է «Գնումների մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման ռիսկ: Հետեւապես Հանձնաժողովը գնումների ոլորտի լիազոր մարմին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ արձանագված խնդիրներին ընթացք տալու նպատակով։