Հայաստանում շարժական գույքի հիփոթեքային իրավունքների միասնական գրանցամատյան ներդնելը կբարձրացնի վարկավորման ակտիվությունը։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի հանրապետության բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը գրանցամատյանի ընդունմանը նվիրված սեմինարի ժամանակ։ Սեմինարը կազմակերպել էր USAID/FED ծրագիրը։
Նոր համակարգը թույլ կտա նվազագույնի հասցնել արդեն գրավի տակ գտնվող գույքի կրկնակի գրավադրման ռիսկերը։ «Դրանով ամբողջովին վերանում է ռիսկը, որ մի բանկում իր գույքը գրավ դնող վարկառուն 2-րդ անգամ նույն գույքը գրավ կդնի այլ բանկում։ Իսկ եթե բանկերի համար ռիսկը նվազի, ապա նրանք կկարողանան ավելի շատ վարկեր տրամադրել։ Համապատասխանաբար կբարձրանա փոքր, միջին եւ մեծ բիզնեսի վարկի հասանելիությունը, որը միշտ չէ, որ անշարժ գույք է ունենում»,- հայտարարել է Սարգսյանը։
Գրանցամատյանը կվարի Արդարադատության նախարարությունը, որը անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել վարկառուների բողոքները, եթե նրանք գտնեն, որ բանկը չարաշահել է գրանցամատյանի իր իրավունքները եւ ապօրինի կերպով սեփականաշնորհել է իրենց գույքը։
Հիշեցնենք, որ « Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը եւ դրան կից օրինագծերի փաթեթը ընդունվել էր ՀՀ խորհրդարանի կողմից 2014թ. դեկտեմբերին եւ ուժի մեջ կմտնի 2015թ. հոկտեմբերի 1-ից։




























