Հայերը պետք է կարողանան ճիշտ օգտագործել իր առավելությունները՝ աշխարհում դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալված քննարկումների ժամանակ ասաց RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Ռուբեն Վարդանյանը։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հայերն առնվազն երկու այդպիսի առավելություն եւ եզակիություն ունեն՝ ամուր կապը հայրենիքի հետ եւ հեշտ ինտեգրվելու կարողությունը։

«Ես շատ երկրներում եմ ճամփորդել եւ տեսել եմ, որ տարբեր ազգերի մարդիկ զարմանում են, թե որքան ամուր է սփյուռքահայերի կապը Հայաստանի հետ, նույնիսկ այն սփյուռքահայերի, որոնք Հայաստանում չեն ծնվել եւ Հայաստանում երբեք չեն եղել։ Կարծում եմ՝ սա է մեր ազգի ամենաուժեղ կողմերից մեկը։ Հարցն այն է, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ առավելությունը այնպես, որ դրանից շահեն եւ Հայաստանը, եւ Սփյուռքը՝  հաշվի առնելով այն, որ աշխարհասփյուռ հայերը տարբեր են, քանի որ մեծացել են տարբեր մշակույթներում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Հայերի մյուս առավելությունը, ըստ Ռուբեն Վարդանյանի, տարբեր ազգերի հետ ինտեգրվելու եւ հաղորդակցվելու  ունակությունն է։

«Ես միշտ կատակում եմ, որ հայերն առաջինն են, որ դեռ «Ֆեյսբուքից» առաջ կարողացել են առանց բարձր տեխնոլոգիաների սոցիալական ցանց ստեղծել»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նշենք, որ «Հայության միջազգային դիրքերի ամրապնդումը» խորագրով քննարկմանը մասնակցում են նաեւ GK Brand-ի գործադիր տնօրեն Վազգեն Գալայջյան, ՀՀ-ում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթը եւ Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը։