Շատ շնորհակալ եմ, որ փող չեք ուզում, բայց ամենաշատ շենքերն ունի Գիտությունների ազգային ակադեմիան։ Այսպես արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խնդրանքին  Հնագիտության ինստիտուտին կից լաբորատորիայի համար նոր շենք կառուցելու կամ հատկացնելու խնդրանքին։ Պ. Ավետիսյանն իր խնդրանքը հնչեցնելուց ընդգծեց, որ իշխանություններից գումար չեն ուզում, քանի որ կարող են այդ լաբորատորիան հագեցնել միջազգային համագործակցության շրջանակում դրամաշնորհների հաշվին։

Ինստիտուտի տնօրենը ներկայացրեց, թե ինչու է սեփական լաբորատորիա ունենալը դարձել հրատապ խնդիր։ Ըստ նրա, 2014 թվականին Հայաստանում արձանագրվել է մի այնպիսի երեւույթ, որը փոխում է գիտության պատկերացումները Երկիր մոլորակը բնակեցնելու պրոցեսների վերաբերյալ։ Կարծիք կա, որ վաղ Homo sapiens–ը կամ ուշ Homo erectus-ը Աֆրիկայից է տարածվել մոլորակով, բայց Նոր Հաճնում կատարած պեղումները ցույց են տվել, որ Homo erectus-ը ձեւավորվել է հենց այստեղ։ Սակայն, Պ.Ավետիսյանի խոսքով, այս հայտնագործության դափնիները ավելի շատ քաղում են ամերիկյան գործընկերները, ոչ թե մեր գիտնականները, որովհետեւ ամբողջ փորձաքննությունը կատարվել է դրսում, եւ այս գործի հայ մասնակիցները մի տեսակ ետին պլան են մղվել։

«Սրա պատճառներից մեկը մեր լաբորատոր ինֆրաստրուկտուրայի թուլությունն է։ Մենք կարող էինք անել շատ բաներ այստեղ եւ տանող, հոդված գրող կողմը մենք կլինեինք, բայց մենք մնացինք երկրորդական դերում», – ասաց նա, հիշեցնելով, որ լաբորատորիայի անհրաժեշտության մասին ինքը նախագահին ասել էր դեռ 2013 թվականին, եւ իրեն առաջարկվել էր կազմել նախահաշիվ։ Երկու տարվա ուսումնասիրություններից հետո ինստիտուտի տնօրենը եկել է այն եզրակացության, որ համապատասխան շինություն ունենալու դեպքում գործիքային բազան նրանք կարող են ապահովել դրամաշնորհների միջոցով։ 

«Ամենաշատ շենք ունեցողը դուք եք։ Շատ շնորհակալ եմ, որ փող չեք ուզում, բայց Ձեր ինստիտուտը Ակադեմիայի անբաժան մասն է», – ասաց նախագահը, առաջարկելով լաբորատորիայի կարիքների համար վերցնել Ակադեմիայի այն շենքերից մեկը, որոնք այժմ դատարկ են մնացել։