Հայաստանում կանանց ներգրավվածությունը խաղաղության եւ անվտանգության ապահովման ոլորտում իրականացվում է ինչպես քաղաքական եւ վարչական, այնպես էլ հասարակական մակարդակներում։ Այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանը, որն այս պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստանում:
«Շատ ոգեւորիչ է Հայաստանում տեսնել այն համագործակցությունը, որ կա տարբեր մարմինների եւ գերատեսչությունների մինչեւ: Ոգեւորիչ է նաեւ տեսնել Հայաստանում առկա այն բանավեճը, թե ինչպես ապահովել կանանց եւ տղամարդկանց հավասարությունը խաղաղության ապահովման ոլորտում, որը նպաստավոր է ոչ միայն Հայաստանի ներքին, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային գլոբալ առումով»,-ասաց Մարիեթ Շուրմանը:
Մարիեթ Շուրմանը նշեց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, Պաշտպանության նախարարությունում եւ Պաշտպանական ակադեմիայում, սակայն ամենից շատ ոգեւորվել է ՊՆ կին աշխատակիցների եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի աղջիկ-կուրսանտների հետ հանդիպումից:
«Նրանք իսկապես ամբողջովին նվիրված են խաղաղության եւ անվտանգության խնդիրների կարգավորմանը, ինչպես Հայաստանում՝ լոկալ մակարդակում, այնպես էլ գլոբալ մակարդակում: Մենք իսկապես պետք է պայմաններ ապահովենք, որ նրանց բոլոր երազանքներն իրականանան, եւ որպեսզի նրանք կարողանան իրենց ներուժը իարժեք կիրառել»,-նշեց Շուրմանը:
Շուրմանը, որի հիմնական գործառույթն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ բանաձեւի իրագործումը, նշեց, որ ՆԱՏՕ-Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում երկու հիմնական սկզբունք է որդեգրվել՝ անվտանգության ինստիտուտներում կանանց ներգրավվածության բարձրացումը եւ վերլուծությունների միջոցով պարզելը, թե հակամարտություններն ինչպես են ազդում կանանց եւ տղամարդկանց վրա:
Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, սակայն, որ ԱԳԳԾ 28 անդամ-երկրներում անվտանգության ոլորտում կանանց ներգրավվածության աճը դանդաղ է ընթանում, եւ սա այն ոլորտներից է, որտեղ ՆԱՏՕ-ն իր խոստումներից հետ է մնում:





























