Ասորիների ցեղասպանության հարցում բերվող պատրվակները ծիծաղելի են։ Այս մասին ֆրանսիական Figaro պարբերականին հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, որը հայտնի է Օսմանյան կայսրության տարածքում հայերի եւ այլ քրիստոնյա ազգերի ցեղասպանության ճանաչման իր կոչերով։ Վերջին օրերին Ֆրանսիայում մեծ արձագանք էր գտել ասորի-խալդիների ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այն նկատառումներին, թե ոմանք նրան մեղադրում են օրինագիծը թերի ներկայացնելու եւ Վիքիպեդիայից արտագրելու մեջ, նա պատասխանել է, որ այդ փաստարկը ծիծաղելի է։
«2012թ. այդ նույն մարդիկ բողոքում էին ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի դեմ։
Ասորիների ցեղասպանությանը դժվար է անդրադառնալ. դրա մասին շատ քիչ փաստաթղթեր են պահպանվել։ Ամենակատարյալ աղբյուրը, որը ես գտա, Վիքիպեդիայից մի հոդված էր, որը ինձ շատ օգնեց։ Չեմ հասկանում, ինչումն է խնդիրը, եթե հատկապես դրանից հետո այդ տեքստը գնահատվել է բազմաթիվ մասնագետների կողմից»,- ընդգծել է Բուայեն։
Հարցին, թե ինչու է Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանությունը ասոցացվում առաջին հերթին հայերի հետ, նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրած հայերի շրջանում համայնքները ավելի լավ էին կազմակերպված, քան մյուս ազգերի մոտ, եւ նրան ի վիճակի են պայքարել զոհերի հիշատակը պահելու համար։
«Ասորի-խալդիների զոհերի հիշատակի նկատմամբ նոր Ցեղասպանություն է իրականացվում, որը հիմնված է ժամանակակից Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականության վրա։ Ժամանակակից Թուրքիան հիմնված է հենց բնաջնջումների վրա»,- նշել է Բուայեն։
Հարցին, թե չի՞ կրկնվում արդյոք Ցեղասպանությունը Սիրիայում եւ Իրաքում, Բուայեն նշել է. «Իհարկե։ 1915թ. նույնպես զոհերը քրիստոնյաներն էին, իսկ դահիճները՝ մուսուլմանները։ Այն ժամանակ պատճառները աշխարհիկ են, իսկ հիմա՝ իսլամիստական, բայց մեթոդները նույնն են մնացել։ Ամենատարօրինակն այն է, որ Ցեղասպանության հերքումը մենք տեսնում ենք հենց մեզ մոտ։ Շատ մտահոգիչ է, որ այնպիսի մակարդակի հաստատությունը, ինչպիսին Փարիզի փոխադրամիջոցների օպերատորն է, հրաժարվում է Արեւելքի քրիստոնյաների օգնության մասին հայտարարություն տեղադրել՝ նշելով, թե ինքը աշխարհիկ գործունեություն է ծավալում։
2012թ. Օլանդը, լինելով նախագահի թեկնածու, Կոմիտասի արձանի մոտ խոստացավ քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կպահի նա իր խոսքը, թե ոչ, որոշողը ինքն է»,- եզրափակեց Բուայեն։





























