Նոր Նորքում փետրվարի 8-ին մոր կողմից երեխային բենզինով այրելու դեպքից հետո ընտանիքին օգնողներ են եղել: Ավելի վաղ երեխային եւ նչա հորը օգնելու կոչով հանդես եկած ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որպես պատգամավոր՝ պաշտոնական նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ գոնե վարչական շրջանի ղեկավարությունը թեթեւակի վերանորոգի այդ 1սենյականոց բնակարանը, քանի որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխան սթրես կապրեր այդ սեւ, ամբողջովին այրված բնակարանում: «Ամեն ինչ այրված էր՝ փաստաթղթեր,գույք, ստացել եմ քաղաքապետի դրական պատասխանը, նա հահձնարարել է վարչական շրջանի ղեկավարին սեղմ ժամկետում վերանորոգման աշխատանքներ կատարել: Երեխայի հորը արդեն հրավիրել են թաղապետարան՝ պայմանավորվելու, թե ինչ ծավալի աշխատանքներ պիտի կատարվեն: Չնայած երեխայի եւ հոր բոլոր փաստաթղթերը այրվել էին, սակայն Նոր Նորքի  սոցիալական ծառայության պետը այդ հարցը արագ կարգավորում է, որպեսզի երեխան կարողանա ստանա հաշմանադամության նպաստ»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ երեխայի հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ շաբաթը մեկ-երկու անգամ այցելում էր նրան, իր հետ հիվանդանոց է այցելել եւ մեծ օժանդակություն ցուցաբերել նաեւ Ռոզա Ծառուկյանը: Երեխային օգնելու կոչին արձագանքել էր նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք նաեւ, որ Էջմիածնում գտնվող մի շինարարական կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել տան պատուհանները տեղադրել անվճար:

«Այնպես որ բարի մարդիկ կան, արձագանքներ եղել են եւ հույս ունեմ, որ էլի կլինեն, իսկապես դաժան փորձությունների միջոցով անցած երեխան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի»,-ասաց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է, ամբողջությամբ այրվել է բնակարանը։ Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 47-ամյա Ա. Ն-ին եւ նրա 9-ամյա Ֆ. Ն.-ին: Դեպքից երկու օր անց մայրը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայրը մուրճով հարվածել է երեխայի գլխին, ապա բենզինով այրել իրեն ու որդուն։ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է։ Աննայի ամուսինը, որը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, դեպքից հետո վերադարձել է Հայաստան։