ՌԴ ԱԻՆ Բե-200 ամֆիբիա ինքնաթիռի օդաչուները ապրիլի 4-ին չեն կարողացել գտնել «Դալնի Վոստոկ» ձկնորսական նավի կորած ձկնորսներին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությանը։
«Բե-200-ը վերադարձել է Մագադանի բազա։ Ինքնաթիռը Օխոտի ծովում ուսումնասիրել է 4 հազար 750 քառ. կմ տարածք, սակայն չի հայտնաբերել ո՛չ ձկնորսներին, ո՛չ էլ ձկնորսական նավի փրկարարական միջոցները»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Դալնի Վոստոկ» ձկնորսական նավի 13 ձկնորս անհետ կորած են համարվում։ Այս պահին ձկնորսների որոնման աշխատանքները շարունակում է 30 նավ։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 20 հազար քառ. կմ ջրային տարածք։
«Դալնի Վոստոկ»-ը խորտակվել էր ապրիլի 2-ին Մագադանից 300 կմ հեռավորության վրա։ Տախտակամածի վրա եղել է 132 մարդ, որոնցից 63-ը փրկվել են, իսկ 56-ը զոհվել։ 13 մարդու ճակատագիր անհայտ է մնում։



























