Հռոմում Ավագ ուրբաթ օրվա երեկոյան ժամասացության քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը քննադատել է միջազգային կազմակերպություններին՝ քրիստոնյաների զանգվածային սպանությունների շուրջ նրանց ենթադրյալ լռությունը «դավադրական» որակելով։

«Մենք շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են հալածում մեր եղբայրներին, գլխատում նրանց եւ տանջամահ անում Հիսուսին հավատալու համար եւ դա հաճախ մեր լուռ համաձայնությամբ»,- ասել է պոնտիֆիկոսը։

Քրիստոսի խաչելության հիշատակին նվիրված ծիսակարգի ժամանակ Պապին են միացել հազարավոր  հավատացյալներ, նրանց թվում՝ փախստականներ Սիրիայի եւ Իրաքից, ինչպես նաեւ Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման հարձակումներից փրկված կաթոլիկներ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ էր արել միջազգային հանրությանը պայքարել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ։